Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում դռնփակ հարցաքննվում է գնդապետ Ժիրայր Պողոսյանը
16:03 - 31 մայիսի, 2024

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում դռնփակ հարցաքննվում է գնդապետ Ժիրայր Պողոսյանը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործի քննությունը։

Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով Ջրականի շրջանում նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։

Դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այժմ վկաների հարցաքննության փուլում է։ Դատակոչված առաջին վկան ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանն է (պաշտոնից ազատվել է 2021 թ․ օգոստոսին)։

Ժիրայր Պողոսյանը

Նախորդ դատական նիստին Պողոսյանը միջնորդել է իր հարցաքննությունն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը բավարարել է՝ պատճառաբանությամբ, որ հարցաքննության ընթացքում հնարավոր է հրապարակվեն ռազմական եւ պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ 

Նշենք՝ Ժիրայր Պողոսյանն այն վկան է, որի հետ Հովիկ Գաբրիելյանը նախաքննության փուլում առերեսվել է, ինչը նշանակում է, որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ 

Ըստ քրեական գործի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Գաբրիելյանը, այնուհանդերձ, ըստ մեղադրանքի, հաջորդ օրը պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին, որոնք էլ ժամեր անց տեղի ունեցած հարձակման ժամանակ մնացել են անպաշտպան եւ հայտնվել շրջափակման մեջ։

Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատավոր Վարդգես Սարգսյանը

Հակակոռուպցիոն դատարանը օրերս  բավարարել Է հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանի միջնորդությունը եւ 3 ամսով երկարաձգել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ պատճառաբանությամբ, որ ազատության մեջ մնալով՝ վերջինս կարող է ազդեցություն գործադրել նախկինում իր ենթակայության տակ գտնված վկաների վրա։ Միաժամանակ դատարանը որոշել է 3 ամսով սահմանափակել նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը (բացառությամբ՝ մերձավոր ազգականների)։

Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեր զրույցում ասաց՝ իրենց համար այդպես էլ անհայտ մնաց, թե իր պաշտպանյալն այդ որ վկաների վրա պետք է ազդեցություն գործադրի՝ հատկապես հաշվի առնելով նախաքննության փուլում տեղի ունեցած առերեսումները։

Պաշտպանը կալանավորման որոշումը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Թե ում է բողոքը մակագրվել, դեռեւս հայտնի չէ։


Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել