Դատարանը վճռեց արդարացնել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Գեւորգ Հարությունյանին
16:39 - 31 մայիսի, 2024

Դատարանը վճռեց արդարացնել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Գեւորգ Հարությունյանին

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավճիռը։

Դատարանը վճռեց Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով եւ հռչակելով նրանց անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով։

Միաժամանակ դատարանը վճռեց վերացնել Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ նաեւ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա դրված կալանքը։

Դատարանը նաեւ որոշեց մերժել մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը։

Հիշեցնենք՝ նախկին պաշտոնյաներին մեղադրանք էր առաջադրվել 2019 թ․-ի տարեվերջին, իսկ 2020 թ․-ի տարեսկզբին գործն ուղարկվել էր դատարան։

Սերժ Սարգսյանը մեղադրվում էր պետական բյուջեից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ այդ հափշակությանը դրդելու, իսկ Գեւորգ Հարությունյանը՝ դրան օժանդակելու մեջ։

Նույն քրեական գործի շրջանակում շուրջ կես միլիարդ ՀՀ դրամի հափշակությունը կատարելու մեջ մեղադրվում էր գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, իսկ դրան օժանդակելու մեջ՝ գյուղատնտեսության նախարարի փոխնախարար Սուրեն Գալստյանը, որոնք սակայն 2021 թ․-ին մահացել են կորոնավիրուսի հետեւանքով, եւ նրանց նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցվել է։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել