Մայիսի 22-ին Երևանի Գյոթե կենտրոնի սրահում կայացավ «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի «Մեդիալաբ» կրթական նախագծի 2023-2024 թթ․ ուսանողների ավարտական ցուցահանդեսը՝ «Տարածական անդրադարձներ»։
«Մեդիալաբը» ամենամյա կրթական նախագիծ է, որն իրականացվում է 2007 թվականից ի վեր: Նախագիծն անվճար արվեստային կրթություն է տրամադրում երիտասարդ արվեստագետներին և արվեստով զբաղվողներին:
Ցուցադրության մաս կազմող հիմնական տեքստում, որի հեղինակը Դավիթ Ստեփանյանն է, կարդում ենք․ «Ո՞րոնք են տեսողական արվեստների խնդիրները, երբ մեզ շրջապատող միջավայրերը գերտեսողականացված են։ Ի՞նչը պատկերել, երբ տարածություններ ձևավորելիս ավելի շատ առաջ են գալիս տեսողական սկզբունքները, քան գործառական նշանակությունը։ Ավելին՝ տեսողականը հաճախ դառնում է շոշափելի միջավայրերի առաջնային գործառույթ, իսկ խորհրդային ժամանակներում ձևավորված տարածությունները հետզհետե քայքայվում են։ Սոցիալական կայքերի ազդեցությամբ վերջերս առաջ է եկել բոլորովին նոր մտայնություն՝ շոշափելի տարածություններն ի սկզբանե ձևավորվում են դրանք նկարահանելու, դրանց հետնախորքին նկարվելու, սելֆիներ անելու հանգամանքը հաշվի առնելով։ Դեկորի և առօրեական միջավայրերի տարբերությունները գնալով սղվում են․․․․»։
Ընդհանուր առմամբ ներկայացված է 6 աշխատանք։
Գայանե Գյուլնազարյանի «Ես ռոբոտ չեմ» աշխատանքին կից տեքստում գրված է․ «Քաղաքի անվերջանալի խնդիրները ստիպում են նոր զգայություններ ապրել, իսկ դրանց անորոշ ազդեցությունը թափանցում է ենթագիտակցություն և դիպչում մարմնականին։ Աշխատանքն առաջարկ է կրկին մտորել այդ խնդիրների և դրանց թողած հետևանքների շուրջ»։
Ինտերակտիվ մուլտիմեդիա ինստալյացիան դիտողին առաջարկում է ներգրավվել խաղի մեջ և կիսել հեղինակի ապրումները Երևանում տարբեր տարածությունների հետ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։
Տաթև Հակոբյանի «Անկատար ներկա» ֆոտոշարքն անդրադառնում է 1967 թ․ հիմնադրված Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կիսավեր դրությանը։
Ժապավենային լուսանկարներին կից տեքստում կարդում ենք․ «Քաղաքը չի խոսում՝ օգնելով սեփական լռությանս հարմարվել։ Պարուրված Աշտարակի ձորից լսվող երաժշտությամբ ու բարձրացող ծխով՝ խոսքը խեղդվում է աղմուկի մեջ։ Քաղաքը համր է։ Բայց ես, մի տեսակ, հասկանում եմ իր լռությունը։ Ժամանակը ո՞ր ուղղությամբ է հոսում։ Ամեն քայլ դեպի իրականություն ավելի է հեռացնում ներկայից։ Անցյալն ուսումնասիրելու, ճանաչելու, շոշափելու անհասկանալի մղում՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»։
Ստելլա Համբարյանի «- Գույն, գույն։/- Ի՞նչ գույն:/- …» կոչվող ֆոտոմոնտաժների շարքն անդրադառնում է հեղինակի մանկությանն Ալավերդի քաղաքում։
«Երբ փոքր էի, թվանշային տեխնոլոգիաները նոր էին մուտք գործում մեր միջավայր, և մենք, չիմանալով համացանցի և վիդեոխաղերի մասին, ամբողջ օրը թափառում էինք դրսում․․․․ Մանուկ հասակում չեմ ճամփորդել ու մեր բակն ինձ ամենասիրուն, հարմար ու ջերմ վայրն էր թվում: Մենք ամեն ինչին հարմարվում ու հարմարեցնում էինք մեզ: Բակի «բիսետկայում» կազմակերպում էինք ճամբարներ․․․․ Հիմա, երբ գնում եմ Ալավերդի, նկատում եմ քաղաքի լքված տարածությունները, որոնք առաջ սիրուն էին թվում: Երբ լինում եմ այն տեղերում, որտեղ խաղում էինք, տխրում եմ: Քաղաքն աստիճանաբար դատարկվում ու անկենդան է դառնում»։
Անի Ղուլինյանի աշխատանքը կոչվում է «Սերվանդ»․ «Հյուրասենյակը յուրօրինակ ցուցադրություն է, որի համադրողը տանտերն է։ Սերվանդը՝ դրա կենտրոնական նմուշ»։
Սերվանդի 7 լուսանակարի հետ ներկայացված են 7 կնոջ պատմություն, որոնք մանրամասնում են, թե ինչպես են տարեցտարի հավաքել իրենց սերվանդի նմուշները, ինչ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ։
Անահիտ Պետրոսյանի «Արձանագրություններ» աշխատանքն անդրադառնում է Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում 1976 թ․ տեղադրված «Տրդատ արքան տապալում է ցլին» արձանի վրա անցորդների թողած նշաններին։
Աշխատանքին կից տեքստում գրված է․ «Ուժ և վեհություն խորհրդանշող արձանն ունի նաև այլ ընկալումներ ու գործածություն․ անցնող-դարձողները գրություններ ու զանազան նշաններ են թողնում դրա տարբեր մասերում, որոնք անզեն աչքով սովորաբար տեսանելի չեն կամ դժվար նկատելի են։ Ամսաթվեր, որ հավանաբար նշում են արձանին այցելելու օրը կամ մեկ ուրիշ՝ գուցե, նշանակալի իրադարձություն, սիրային բանաձևեր, մեջբերում մի սերիալից և երբեմն անվերծանելի այլ նշաններ։ Լուսանկարչությունն այդ արձանագրությունները փաստագրելու և ուսումնասիրելու հարմար միջոց է»։
Անի Տոնոյանի «Գետն-անցում» ֆոտոշարքն անդրադառնում է Երևանի երկաթուղային և մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարաններին կից գետնանցմանը, որ նախատեսված է մարդկանց շարժը դեպի կայարաններ ապահովելու համար։
Ֆոտոշարքին կից տեքստից․ «Անկախության տարիներին գետնանցումում սկսվեց ինքնաբուխ առևտուր, որը խորհրդային համակարգի փլուզմանը հետևած անցումային շրջանում նպաստում էր թե՛ վաճառողների, թե՛ սպառողների կենսական կարիքները հոգալուն։ Առևտուրը շարունակվում է մինչ օրս՝ ձևավորելով մթնոլորտ, որը հակադրության մեջ է երկաթուղային կայարանի շենքի հռետորության ու գետնանցման նախնական մտահղացման հետ»։
Ավելացնենք, որ ավարտական աշխատանքների ղեկավարներն են Վահե Բուդումյանը, Նորա Գալֆայանը, Տաթև Հակոբյանը, Գագիկ Չարչյանը և Դավիթ Ստեփանյանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը Երևանի Գյոթե կենտրոնի սրահում (հանգստյան օրերին դռները փակ են)՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում։