2023 թվականի վերջում Հայաստանում բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է. ԿԲ նախագահ
 |armenpress.am|
17:53 - 03 հունիսի, 2024

2023 թվականի վերջում Հայաստանում բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: 2022-ի համեմատ նախորդ տարվա վերջին բանկային համակարգի շահութաբերությունը որոշակիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 

Ըստ նրա՝ շահութաբերության անկումը հիմնականում պայմանավորված է մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված խոշոր դուրսգրումներով։

«Ամբողջ տարվա ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսևորել են հարաբերական կայուն միտումներ, իսկ էական նվազում տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին՝ մատնանշածս գործոնի ազդեցության ներքո։

Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2023 թվականին շահութաբերության աճին առավելապես նպաստել է լուրջ տոկոսային եկամուտների աճը։ Վերջինս համաշխարհային և ներքին շուկաներում տոկոսադրույքների համեմատաբար բարձր մակարդակի, ինչպես նաև բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունք է»,- նշեց Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով կապիտալի համարժեքությանը և իրացվելիության ցուցանիշներին՝ ԿԲ նախագահն արձանագրեց. Դրանք տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից էապես բարձր մակարդակներում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստները կլանելու բարձր ունակության մասին։ Կապիտալի իրացվելիության դիրքերի բարելավմանը մեծապես նպաստել են ինչպես կարգավորմամբ նախատեսված բուֆերների պահանջների աստիճանական ներդրումն, այնպես էլ բանկերի կողմից կարգավորման պահանջով սահմանաչափերից բարձր հավելյալ պաշարների ձևավորումը։ Այսինքն, ոչ միայն մեր օրենսդրական պահանջներն են իրականացվել, այլև բանկերը խելամտորեն, իրենց քաղաքականության արդյունքում, բուֆերներ են կուտակել տարվա ընթացքում»։

Նշվեց, որ վարկավորման շուկայի ակտիվությունն ավելացել է, արձանագրվել է ֆինանսական միջնորդության աճ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին տնտեսության եկամուտների և վարկերի ժամկետայնության աճով պայմանավորված՝ պարտքի սպասարկման բեռի աճ չի դիտարկվել։ Իսկ վարկերի տոկոսադրույքների աճի ազդեցությունը պարտքի սպասարկման վրա էական չի եղել։

Ներկայացված փաստաթղթում Կենտրոնական բանկն առանձնացրել է ֆինանսական կայունության հիմնական ռիսկերի երկու խումբ։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում, լարվածությունների, հնարավոր էսկալացիաների ռիսկերն են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև համաշխարհային շուկաներում։ Երկրորդ խումբը վերաբերում է հիփոթեքային վարկերին և անշարժ գույքի շուկայում պահպանվող բարձր գներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել