ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր և հանդիպեց ջրհեղեղից տուժած բնակիչների հետ
 |armenpress.am|
18:46 - 03 հունիսի, 2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր և հանդիպեց ջրհեղեղից տուժած բնակիչների հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր՝ տեղում ծանոթանալու ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին: Նա Լոռու Մարզպետ Արամ Ղազարյանի և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ հանդիպեց Ջահուկյան փողոցի շենքերի և գետափնյա թաղամասի սեփական տների բնակիչների հետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սանոսյանը նշեց, որ աղետի գոտում գետերի ջրի մակարդակի բարձրացման օրը Տաշիր քաղաքն ու շրջակա մի քանի բնակավայրերը նույնպես տուժել են հեղեղից:

«Անցած օրերին չէինք հասցրել այցելել Տաշիր, հետևաբար այսօր դիտարկեցինք իրավիճակը: Այստեղ նույնպես բավականին վնասներ են եղել: Հատկապես տուժել են համայնքային ենթակայության կամուրջները, որոնց մի մասը վերականգնվել է զուտ մարդկանց անցողունակությունն ապահովելու համար, մինչև կայացվեն ենթակառուցվածքների հետ կապված հստակ որոշումներ»,- ասաց ՏԿԵ նախարարը:

Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաշիր քաղաքի միջով անցնող համանուն գետի աջ և ձախ հատվածների որոշ թաղամասերը լցվել են ջրով և տիղմով: Այդտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ, իրականացվում է նաև գույքագրում:

«Շրջայցի արդյունքներով կլինեն ընդհանուր որոշումներ ինչպես աղետի գոտու մյուս հատվածների, այնպես էլ Տաշիր քաղաքի վերաբերյալ»,- հավաստիացրեց նախարարը:

Նա այցելեց աղետից տուժած անձանց, եղավ նրանց բնակարաններում ու տներում և անմիջական զրույցներում տեղեկացավ, թե ինչ չափի վնաս են կրել Տաշիրի բնակիչները: Սանոսյանը նրանց հավաստիացրեց, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ տուժած անձանց աջակցելու և նրանց խնդիրներին լուծում տալու նկատառությամբ: 

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել