civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիքով՝ ժամանակն է, որ «գետնի վրա» իրականացվեն հայ-թուրքական պայմանավորվածությունները:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում: Ժամանակն է, որ «գետնի վրա» տեսնենք իրականացող պայմանավորվածություններ»,- հունիսի 4-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Միրզոյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։
2023-ի փետրվարին Թուրքիա կատարած այցից և թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը (ենթադրվում էր՝ մինչև 2023-ի ամառ – խմբ․) սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց համար։ Միրզոյանն ու այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին նաև համատեղ վերականգնել Անիի կամուրջը։ Պայմանավորվածությունից հետո այս հարցում ևս զարգացում չկա։
comment.count (0)