ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30 հազ. եվրո |hetq.am|
11:30 - 05 հունիսի, 2024

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30 հազ. եվրո |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

2012թ. փետրվարի 29-ի առավոտյան Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է հրետանային մարտկոցի դիտակետում մեջքի վրա ընկած՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային գնդակային մահացու վիրավորմամբ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2012թ. մարտի 12-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել, որ զորամասի մի խումբ աշխատակիցներ թերացել են իրենց աշխատանքում: Ըստ այդ քննության՝ հնարավոր էր, որ մահվան դեպքը տեղի չունենար, եթե աշխատակիցները կատարեին նախարարի հրամանով սահմանված կանխարգելիչ մի շարք միջոցառումները: 

Մեղադրանք է աջաջադրվել 3 անձի նկատմամբ: 

Նույն տարվա մարտի 3-ին ձերբակալվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, ապա ավելի ուշ 4 դրվագով մեղադրանք առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, տարբեր ժամանակներում մի քանի անգամ վիճաբանել ու հարվածներ է հասցրել  Տիգրան Վարյանին, ինչն էլ հանդիսացել է ինքնասպանության պատճառ:

Մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին: Նա դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել է Տ. Վարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Դեպքից օրեր առաջ զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանը ևս ծեծել ու ստորացրել է Տ. Վարյանին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար:

2013թ. հունվարի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող զինծառայող Տ. Վիրաբյանի հոր՝ Վանո Վարյանի իրավունքները դատարանում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գործի դատաքննության ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի հարուցվի նոր քրեական գործ հրամանատարի նկատմամբ, սակայն միջնորդությունը մերժվել է: Նման միջնորդություն ներկայացրել է նաև դատախազին, սակայն ևս մերժվել է:

6 ամիս տևած դատաքննությունից հետո՝ 2013թ. օգոստոսի 6-ին, Հովհաննես Հակոբյանի նկատմամաբ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ, Էրիկ Սարգսյանն ազատազրկվել է 4 ամսով: Գևորգ Մանուկյանը ևս դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման և հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ համարվել է պատիժը կրած:

Տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Տուժող կողմը պնդել է, որ գործի քննության ժամանակ չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն պատժվել պատասխանատուները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը: Չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, եղել են էական հակասություններ ծառայողական քննության հաղորդման և քրեական հետաքննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև:

Սակայն վերադաս դատարանն անփոփոխ է թողել Հ. Հակոբյանի և Գ. Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժները, իսկ Է. Սարգսյանի մասով վճիռը բեկանել է, կիրառելով համաներում՝ կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել քրեական հետապնդումը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքները՝ փաստացի ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննել է դատավոր Համլետ Դավթյանը: Դատավճիռ կայացնելուց 4 օր անց՝ օգոստոսի  13-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Համլետ Դավթյանի լիազորությունները, որի առաջարկը եղել է Արդարադատության խորհրդինը: Դատավոր Դավթյանը հիմնականում քննել է զինծառայողներին վերաբերող գործեր և հայտնվել տարբեր պատմությունների մեջ: Զինծառայող Հազրոյանի գործով, երբ դատավոր Հ. Դավթյանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել, զինծառայողը սեղանի վրա դրված շիշը նետել է դատավորի վրա: Համլետ Դավթյանն այժմ փաստաբան է Սյունիքի մարզում:

Իսկ գործը քննած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Գրիշա Մելիք-Սարգսյանը 2024թ. մարտին մահացել է: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները դադարեցվել են 2016թ., իսկ Կարինե Ղազարյանն անցել է կենսաթոշակի՝ 2017թ-ին:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատում մահացած զինծառայողի հայրը կասկածի տակ է դրել, որ իրականում որդին ինքնասպան է եղել: Իսկ դեպքը եղել է այն ժամանակ, երբ նա պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում պետական ​​մարմինների բացառիկ հսկողության ներքո: Սակայն, վերջիններս չեն պաշտպանել որդու կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել