sport.news.am: Հայաստանը եւ Վրաստանը 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ անցկացնելու հայտ կներկայացնեն: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հայտարարեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ ՎՖՖ նախագահ Լեւան Կոբիաշվիլին:
«Հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի ֆեդերացիաների բարիդրացիական հարաբերությունները եւ, չեմ վախենա այդ բառից՝ տարբեր ոլորտներում փայլուն փոխգործակցությունը, երկու երկրների ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու համար: Համատեղ հայտի շուրջ աշխատանքները սկսում ենք արդեն այսօր:
Լեւան Կոբիաշվիլիի հետ նախնական պայմանավորվածության ենք եկել անցյալ տարի: Երկու ֆեդերացիաների ղեկավար կազմերը մի քանի հանդիպում են ունեցել Թբիլիսիում, որոշում է կայացվել հայտարարություն անել Երեւանում: Սա ՖԻՖԱ-ի կողմից անցկացվելիք խոշոր մրցաշարերից է: Եթե կարողանանք այս հայտում հաղթել, մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել համատեղ մրցաշարը»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:
Հայտարարությանը ներկա էր նաեւ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լեւան Կոբիաշվիլին: Երկու երկրների ֆեդերացիաների նախագահները փոխանակվեցին 2029 թվականի աշխարհի առաջնության գրառումով մարզաշապիկներով:
«Մենք նախնական խորհրդակցություններ ենք ունեցել ֆուտբոլը կառավարող մարմինների հետ եւ համաշխարհային մասնագետների հետ: ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է, որ աջակցելու է Հայաստանի եւ Վրաստանի համատեղ հայտին Եվրոպայից: Մեզ համար արդեն շատ մեծ կարեւոր քայլ է»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը:
comment.count (0)