Իսրայելը հարվածել է Գազայում փախստականների ճամբարին. կա ավելի քան 30 զոհ |tert.am|
09:47 - 06 հունիսի, 2024

Իսրայելը հարվածել է Գազայում փախստականների ճամբարին. կա ավելի քան 30 զոհ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Գազայի հատվածում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող դպրոցի վրա հարձակման մասին: Ըստ իսրայելական զինվորականների՝ դպրոցի շենքում տեղակայված է եղել արմատական ՀԱՄԱՍ շարժման համալիրը, հարձակման հետևանքով սպանվել է մի քանի ահաբեկիչ։

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 32 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի նախնական թիվը կազմել է 27 մարդ։ Փլատակների մաքրումից հետո հայտնի է դարձել ևս հինգ մահվան մասին։

Հաղորդվում է նաև, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։

Մայիսի 27-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքի վրա հարձակման մասին՝ «հիմնվելով հետախուզության ճշգրիտ տվյալների վրա»։ Հարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու ներկայացուցիչ՝ Յասին Ռաբիան և Խալեդ Նագարը:

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Իսրայելի հարվածը մեծ հրդեհ է առաջացրել փախստականների վրանային ճամբարում և այրել մի ամբողջ թաղամաս: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ դա հանգեցրել է 35 մարդու մահվան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել