1lurer.am: ՏԿԵՆ-ն առաջարկում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախագծի համաձայն՝ առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, շենք-շինություն է, հողն էլ համայնքային է, բոլորը միասին՝ որպես ընդհանուր գույք, գերակա շահ ճանաչել, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն բարեկարգել:
«Իրավիճակն այնպիսին է, որ ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա: Բավականին լավ համալիր է, բայց այս խառը պատկանելությունը և առկա վիճակը կարծես հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ իր նպատակին ծառայի: Որոշման նպատակը դա է, որ կարողանանք որպես գույքային միավոր գրանցելուց հետո մեր տարբեր ծրագրերում ընդգրկենք, և Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի ստադիոն, այլև՝ մարզական ենթակառուցվածքներ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է Կապանի մարզադաշտն ընտրվել: Ըստ վարչապետի՝ 2018-ին, երբ Կապան էր այցելել, կապանցիները խնդրել են, որ ֆուտբոլը վերադառնա Կապան: Բայց խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ Կապանում ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ Սյունիքում ֆուտբոլային երկու թիմ կա, որից մեկը՝ «Գանձասարը», բարձրագույն խմբում է, բայց Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում: Ուստի կարևոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ևս արձագանքեց. «Սա շատ սպասված իրադարձություն է Կապանի համար, որովհետև Կապանում մեծ թափով զարգանում է ֆուտբոլը»:
comment.count (0)