hetq.am: Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ «Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները։
Չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե պայթյունը եղել է Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, մենք պարզել ենք, որ իրականում պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):
Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:
Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Ըստ այդմ՝ վերջին արգելանքը դրվել է ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:
Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:
Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:
Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)