tert.am: Գազայի հատվածի կենտրոնում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինցի փախստականների ճամբարից իսրայելցի 4 պատանդի ազատման նպատակով Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 210 պաղեստինցի։ Այսպիսի հայտարարություն է արել Գազայում ԶԼՄ-ների հետ կապի հարցերով վարչությունը:
««Նուսեյրաթ» ճամբարում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 210 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը»,- ասվում է գերատեսչության պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ այս պահին խոսքը միայն «Նուսեյրաթ»-ում և Դեյր էլ Բալահի (անկլավի կենտրոնական հատված) հիվանդանոցներ տեղափոխվածների մասին է։
Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինյան փախստականների ճամբարի տարածքում հատուկ գործողության մասին, որի արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված չորս իսրայելցի ազատ է արձակվել։ Խոսքը վերաբերում է Նոա Ագրամանին (25 տարեկան), Ալմոգ Մեիրին (21 տարեկան), Շլոմի Զիվին (40 տարեկան) և Անդրեյ Կոզլովին (27 տարեկան):
comment.count (0)