Երևանի բազմաբնակարան շենքերի պատերին հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվի երկու տեսակի ցուցանակ
12:05 - 10 հունիսի, 2024

Երևանի բազմաբնակարան շենքերի պատերին հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվի երկու տեսակի ցուցանակ

Հունիս ամիսը հագեցած է մշակութային աննախադեպ միջոցառումներով: Աշնանը ևս մայրաքաղաքում սպասվում են բացօթյա նախագծեր ու նոր ծրագրեր: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

««Երևանի քաղաքապետարանը շեշտը դնում է բարձրարժեք արվեստի վրա, և նախաձեռնված ծրագրերը դրա բաղկացուցիչ մասն են»,- նշել է Տիգրան Ավինյանը:
***
Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով:  
***
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն երկու տեսակի ցուցանակներ: 
Միասնական մոտեցում կցուցաբերվի նաև փողոցների վերաբերյալ տեղեկություն տրամադրող ուղեցույց-ցուցանակների պարագայում: 

***
Հեղեղումներից հետո Ալավերդում իրականացվող մաքրման ու վերականգնողական գործին ներգրավվել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու աշխատուժը: Զեկուցվել է, որ տրամադրվել են որոշ գոտիներ՝ երթևեկելի հատվածները տիղմից մաքրելու, ինչպես նաև գետում կուտակված աղբը տեղափոխելու համար: 
***
Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը: Եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է 14 443 զանգ, որով սպասարկվել է 14 147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է քաղաքացիների 92%-ը, հետադարձով՝ 8%-ը: Զեկուցվել է, որ նկատվել է զանգերի կտրուկ նվազում, որը պայմանավորված է առաջին հերթին առաջին իսկ զանգից պատասխանելու հանգամանքով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին՝ դրանց կարճ ժամկետում լուծումներ տալու նկատառումով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել