Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. Պաշտպաններ
 |aysor.am|
12:28 - 10 հունիսի, 2024

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. Պաշտպաններ |aysor.am|

aysor.am: Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս, ի տարբերություն քննչական մարմնի տարածած նախնական պաթոսի, որ  պետությանը պատճառվել էր վիթխարի վնաս. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Վաչե Սիմոնյանը։

«Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից»,-ասաց նա։

Սիմոնյանն ասաց, որ «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալներից մեկն արդարացվել է, մյուսները՝ կիսով չափ,այսինքն՝  քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարված չլինելու հիմքով: 

«Նմանատիպ որոշումներ կայացնելով, թե՛ արդարացնող, թե՛ վնասը հանելու պարագայում, գործն էապես աղքատանում է։

Դատախազության այս որոշումներով ցույց է տրվում, որ չի կարելի վստահել քննչական կոմիտեի հաղորդագրություններին»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել