Ինչպես «մրցակցել» պետական գնումներում ընտանիքիդ անդամների հետ. գնահատող հանձնաժողովը չի նկատել փոխկապակցվածությունները
20:41 - 11 հունիսի, 2024

Ինչպես «մրցակցել» պետական գնումներում ընտանիքիդ անդամների հետ. գնահատող հանձնաժողովը չի նկատել փոխկապակցվածությունները

«Ինֆոքոմը» Հայաստանի տարբեր գերատեսչությունների պետական գնումներում հայտնաբերել է նույն ընտանիքի անդամներին պատկանող ընկերություններ, որոնք, խախտելով «Գնումների մասին» օրենքը, մասնակցում և հաղթում են պետական գնումներում։ 

Ըստ «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի՝ արգելվում է փոխկապակցված անձանց և միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ` պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և կոնսորցիումով մասնակիցների։ 

Ստորև կներկայացնենք մի ընտանիքի պատկանող մի քանի փոխկապակցված ընկերություններ, որոնք համատեղ մասնակցել են պետական գնման նույն ընթացակարգին։ Մեր դիտարկած 3 մրցույթներից 1-ում փոխկապակցված ընկերություններից մեկը հաղթել է։ 

Պետական գնումներին մասնակցող առնվազն 5 ընկերություն գրանցված է Աջափնյակ վարչական շրջանի Կարապետյան 9 հասցեում։ Նույն հասցեում հաշվառված Զաքարյանների ընտանիքի 8 անդամներից 7-ը, որոնք տարբեր ՍՊԸ-ների ներկա կամ նախկին բաժնետերեր են, մասնակցում են պետական գնումներին։ Այս ընտանիքի անդամներին պատկանող գրեթե բոլոր ընկերությունները զբաղվում են շինարարությամբ։ 

Մասնավորապես, փոխկապակցվածություն ենք հայտնաբերել հետևյալ գնումներում.

Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-21/59)

2021թ.-ի ապրիլին հայտարարված այս մրցույթին դիմել են «Արտշին 1» և «Մեծ Հիմք-1» ընկերությունները։ Մրցույթին մասնակցելու պահին «Մեծ Հիմք-1» ընկերության 100 տոկոս բաժնետերը եղել է «Արտշին 1»-ի բաժնետիրոջ՝ Ալվարդ Դավթյանի որդին՝ Արտյոմ Զաքարյանը։ 2024թ․-ի մարտից ընկերության լրիվ բաժնետերը Դավթյանի մյուս որդին է՝ Սամվել Զաքարյանը։ 

Մրցույթին «Արտշին 1» ընկերությունը ավելի ցածր գին է ներկայացրել, քան «Մեծ Հիմք-1»-ը, սակայն նրանցից որևէ մեկի հետ պայմանագիր չի կնքվել։ 

 

Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի 9 վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/7)

2021 թվականի նոյեմբերին հայտարարված այս մրցույթին հայտ են ներկայացրել «Ալլ Գրուպ» և «Ար-Աշ»՝ միմյանց փոխկապակցված ՍՊԸ-ները։ 2018 թվականին ստեղծված «Ալլ Գրուպ» ընկերությունը, որն իրականացնում է շինարարական աշխատանքներ, պետական գնումներում 2021 թվականին կնքած 9 պայմանագիր ունի։

«Ալլ Գրուպ» ՍՊԸ-ի լրիվ բաժնետերը Սեդա Ռուշանյանն է, իսկ տնօրենը՝ Սամվել Զաքարյանը։ Նրանք ամուսիններ են, երկուսն էլ հաշվառված են Կարապետյան 9 հասցեում։ «Ար-Աշ» ՍՊԸ-ի բաժնետերը՝ Սուսաննա Դարբինյանը,  մրցույթին մասնակցելու պահին եղել է Սամվել Զաքարյանի եղբոր կինը։

«Ալլ Գրուպ» ընկերությունը գնառաջարկ է ներկայացրել մրցույթի բոլոր 9 չափաբաժինների  համար, իսկ «Ար-Աշը»՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ չափաբաժինների համար։ Մրցույթի արդյունքում «Ար-Աշ» ընկերությունը հաղթող է ճանաչվել 2-րդ և 7-րդ չափաբաժինների համար, որոնցում «Ալլ Գրուպից» 8 և 6 միլիոն դրամով ավելի ցածր գնառաջարկ է ներկայացրել։ 


ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՀՀ ՀԿԿ-ԳՀԱՇՁԲ-23/16)

2023 թվականի նոյեմբերին հայտարարված այս մրցույթին դիմել են «Սամ-Պրոեկտ» և «Ար-Աշ» ՍՊԸ-ները։ Այս ընկերությունների բաժնետերերը Էդուարդ և Էդգար Զաքարյանների կանայք են։ Երկու ընկերություններն էլ հիմնադրվել են 2018 թվականին, գրանցվել Կարապետյան 9 հասցեում։ «Սամ-Պրոեկտի» բաժնետերն ու տնօրենը 2022 թվականից հանդիսանում է Նունե Հովհաննիսյանը։ «Ար-Աշ» ՍՊԸ-ի տնօրենը մրցույթը կայանալու դրությամբ եղել է Սուսաննա Դարբինյանը։ Այժմ ընկերության բաժնետերն ու տնօրենը Դարբինյանի եղբոր կինն է՝ Անի Գասպարյանը։ 

Այս մրցույթում նշված ընկերություններից որևէ մեկը չի հաղթել։

 

Զաքարյանների արձագանքը

«Ինֆոքոմի» հետ զրույցում Էդգար Զաքարյանը նշեց, որ իրենց ընտանիքը տարիներ շարունակ շինարարությամբ է զբաղվել և մասնակցել պետական գնումներին դեռ 2000-ականներից։ Հարցին, թե ինչու են իրենց ընտանիքին պատկանող ընկերությունները խախտել «Գնումների մասին» օրենքը և փոխկապակցվածությամբ մասնակցել պետական մրցույթներին, Էդգար Զաքարյանը պատասխանեց. «Դե, խախտել են, ընկել են սև ցուցակ»։

Զաքարյանը չի սխալվում. ընտանիքին պատկանող վերոնշյալ 5 ընկերություններից 4-ը հայտնվել են «սև ցուցակում», սակայն ոչ թե գնումներին մասնակցելու հավասարությունը խախտելու և փոխկապակցվածության, այլ ուրիշ պատճառներով։ Օրինակ՝ «Մեծ Հիմք-1» ընկերությունը 2023 թվականին ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ Եղեգնաձորի համայնքապետարանի հետ կնքած պայմանագրով նախատեսված ժամկետները խախտել է՝ հանգեցնելով պետության կողմից տրամադրված սուբվենցիոն գումարի ետ վերադարձին և աշխատանքների չկատարմանը։ 

Էդգար Զաքարյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում պատճառաբանեց, որ իրենք լավ իրավաբաններ ու հաշվապահներ չունենալու պատճառով տեղյակ չեն եղել, որ օրենքը փոխկապակցված ընկերություններին արգելում է մասնակցել միևնույն մրցույթին։ 

Ընկերությունները չէին կարող տեղյակ չլինել փոխկապակցվածության արգելքի մասին, քանի որ, համաձայն Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին կառավարության N526-Ն որոշման, մրցույթի հրավերով նախատեսվում է, որ մասնակից ընկերությունը պետք է ներկայացնի իր կողմից հաստատված հավաստում` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց համապատասխանության մասին։ 


Հատված՝ «Ար-Աշ» ՍՊԸ-ի դիմում-հայտարարությունից

Վերոնշյալ պետական գնումներին Զաքարյանների փոխկապակցված ընկերությունների ապօրինի մասնակցությունը դուրս է մնացել նաև գնահատող հանձնաժողովի ուշադրությունից։ 

Կառավարության N526-Ն որոշման 67-րդ կետը սահմանում է, որ Գնահատող հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:

Բացի վերոնշյալ ընկերությունից՝ Զաքարյանների ընտանիքին են պատկանում/պատկանել նաև «Մեծ Հիմք» Ա/Կ-ն, «Ա. Զաքարյան», «Էլիտար 800» , «ԴԱՐ շին», «Զաքարյան Շին»«Մարկ շին գրուպ», «Կարմա գրուպ», «Շին բարեկարգում»  ընկերությունները, որոնցից «Մեծ Հիմք» Ա/Կ-ն, «Էլիտար 800», «ԴԱՐ շին», «Շին բարեկարգում» ընկերությունները ևս ակտիվորեն ներգրավված են պետական գնումներում։ Ընդհանուր առմամբ, այս ընտանիքին փոխկախակցված ընկերությունները վերջին 8 տարում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքել են 111 պայմանագիր՝ գումարային մոտ 3 մլրդ դրամ արժեքով։

Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել