ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր
19:54 - 11 հունիսի, 2024

ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված: 

Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ 

ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին: 

Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված  մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար: 

Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ: 

Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։  Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել