ԱԺ-ն 67 կողմ, 21 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով։ Առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևւորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն:
Ըստ նախագծի՝ Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
Ընդդիմությունը դեմ էր նախագծին։ Գեղամ Մանուկյանն ընդգծեց այն փաստը, որ Արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը» բացասական կարծիք է տվել այս նախագծին․ «Այս օրենքը ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով, ուղիղ ռեժիմով գտնվելու են Ոստիկանության հսկողության տակ, մտան լոմբարդ, խանութ, դեղատուն և այլն։ ԵՎ ՆԳ նախարարության հավաստիացումները, որ սա ուղղակի անվտանգության համար է, բազմաթիվ օրինակներով ներկայացրել եմ, որ կան դեպքեր, որ ԱԺ-ի, «Զվարթնոց» օդանավակայանի, անձնագրային բաժանմունքներից տասնյակ քաղաքացների լուսանկարներ քաղաքական նպատակներով անհասկանալի ձևով հայտնվել են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում»։
comment.count (0)