«Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, կարող ա՞ հետ գնանք»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին |news.am|
17:07 - 12 հունիսի, 2024

«Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, կարող ա՞ հետ գնանք»․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստում չբացառեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա։ 

Պատգամավորներից մեկի հարցին, թե եթե չլինեիք իշխանության, Հայաստանը, Արցախը ինչ վիճակում կլինեին, նա պատասխանեց. «Ասեմ՝ ինչ կլիներ, կլիներ նույնը մի տարբերությամբ, որ Հայաստանը կլիներ գուբերնյա, 100 տոկոսով: Մենք հիմա հարց ենք տալիս, թե ինչ պետք է անենք, որ դա տեղի չունենա եւ դա ենք անում: Մենք ասում ենք՝ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենալու, եթե նկատի չունենանք բնական արհավիրքները»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինքն ասել է, որ մեր պետության գոյությանը վտանգ է սպառնում:

«Մեղավորը նրանք են, ովքեր 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասում էին՝ մենք պետք է հույս չունենանք, որ երկար ժամանակ Ադրբեջանը չի փորձի Ղարաբաղի հարցը լուծի պատերազմի միջոցով: Մեղավորը նրանք են, որոնք ձեւավորել են փուչիկ մի դաշինքը, որի անդամները պարզվեց, որ ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»,- ասաց նա:

Արձագանքելով դահլիճից պատգամավորների արձագանքներին՝ Փաշինյանը շեշտեց. «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք: Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք: Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարող ա՞ հետ գնանք: Ուրիշ ճանապարհ չկա:

Մենք գնում ենք դեպի իրական Հայաստան եւ համարյա հասել ենք: Դեպի ինքնիշխան, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն: Հետ չենք գնա, ուղղակի չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել