Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Նիկոլ Փաշինյան |news.am|
12:26 - 13 հունիսի, 2024

Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք դեպքերում հակասում են կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրին, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տա, եւ սրա համար բերում են մի քանի կոնկրետ օրինակներ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:

«Օրինակ, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, օրինակ, ԼՂ-ի շուրջ եւ նրա կարգավիճակի հետ կապված հարցը, որոնց մասին անդրադարձ կա այդ ծրագրում: Ինչո՞ւ մենք համաձայն չենք ընդդիմության պնդումների հետ: Ի՞նչ ենք մենք գրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ կառավարության ծրագրում: Մեջբերում եմ. «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման  ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի ու կսպասարկի անդամ պետություների շահերը եւ համատեղ նպտակները»: Այսինքն գրել ենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք եւ պետք է գնանք այդ հարցերի պատասխանները ստանալու հետեւից:

Սա, ի դեպ, գրել ենք 2021-ին ամռանը, մի միջավայրում, երբ արդեն տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: Իսկ դրանից առաջ ՀԱՊԿ-ից ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության եւ դաշնակիցների համար:

Բայց արդեն այդ պահին, մայիսի 12-ի ներխուժմանը չէր հետեւել ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք շատ նրբորեն կասկածի տակ էինք դրել ՀԱՊԿ-ի առնվազն արդյունավետության հարցը»,-ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց, որ ավելի ուշ հասկացել են, որ ՀԱՊԿ-ը, որի պարտկանություններից է ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, հրաժարվում է կատարել իր պարտականությունները. «2022-ի նոյեմբերին ՀԱՊԿ գագաթաժողովում Երեւանում հրաժարվել ենք ստորագրել ՀԱՊԿ այն փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ շահերին, եւ դա արել ենք ի կատարումն կառավարության ծրագրի:

Այսինքն հիմա ընդդիմության ասածն ի՞նչ է, որ մենք հլու-հնազանդ պետք է ստորագրեինք այն թղթերը, որոնք կառավարության ծրագրին եւ մեր երկրի շահերին չէին համապատասխանո՞ւմ, որոնք կասկածի տակ էին դնում մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությո՞ւնը: Ու որ դա չենք արել, պետք է  հրաժարակա՞ն տանք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ  Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. «Մենք կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ: Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք: Երբ դա տեղի կունենա՝  կորոշենք: Հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել