Վստահ եմ՝ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ. Անդրեասյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին |1lurer.am|
12:36 - 13 հունիսի, 2024

Վստահ եմ՝ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ. Անդրեասյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին |1lurer.am|

1lurer.am: Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկ ցույցի ժամանակ որքանով էին համաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։

«Վստահ եմ, որ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ։ Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքի տառը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- նշեց նա։

Արձագանքելով այն հարցին, թե արդյոք դա ուղղորդում չէ՞ իրավական համակարգի համար՝ ԲԴԽ նախագահն ասաց. «Սա ուղղորդում է դատավորներին, որ լինի օրենքի տառի խիստ պահպանում: Այդ ուղղորդումը տվել է Սահմանադրությունը, և ես դա կրկնում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր, օրինակ, ԲԴԽ նախագահին խնդրում են քաղաքական մեկնաբանություն տալ։ Որպեսզի չլինի քաղաքական մեկնաբանություն, ես հիշեցնում եմ, որ դատական իշխանությունը ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ երբ որ գործը գալիս է դատարան, ստանում է արդար դատավճիռ. հուսով եմ՝ դուք կտեսնեք այդ դատավճիռները»։

Նա նշեց, որ դատարաններն օր օրի «առողջանում» են և ապահովում  են արդարադատություն։ «Լավ լուրն այն է, որ շատ շատերը կստանան արդար և անկողմնակալ պատիժներ, եթե նրանք խախտել են օրենքը»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

«Ցանկացած քաղաքացի, որի իրավունքները խախտվել են, այսօր ունի հնարավորություն՝ արդար ձևով պաշտպանվելու դատարաններում։ Չուներ երեկ, չուներ երեկ չէ առաջին օրը, ունի այսօր, կունենա վաղը. ես վստահաբար կարող եմ ասել, որ դատական իշխանությունն օր օրի «առողջանում» է. և մենք ունենում ենք տարբեր վճիռներ. ընդ որում՝ քաղաքական տարբեր քիմքերի համար հաճելի և տհաճ, և այդ վճիռները հենց ապացույցն են, որ դատական իշխանությունը առողջանում է»,- նշեց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել