«Իմպուլսիվ հայտարարությունները» հանգիստ ենք գնահատում․ ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան արձագանքը Նիկոլ Փաշինյանին
 |factor.am|
14:37 - 13 հունիսի, 2024

«Իմպուլսիվ հայտարարությունները» հանգիստ ենք գնահատում․ ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան արձագանքը Նիկոլ Փաշինյանին |factor.am|

factor.am: Բելառուսը հանգիստ է գնահատում Մինսկի հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները»։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները մենք հանգիստ ենք գնահատում։ Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը բազմադարյա պատմական կապեր ունի»,- գրել է նա Տելեգրամի իր ալիքում։

Շպակովսին նշել է, թե «Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։

«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ։ Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք համագործակցում ենք և կհամագործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- հայտարարել է Շպակովսկին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ 

 «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու։ ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել։ Տեսականորեն այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել