070 կոդով անձնագրի պատճառով արցախցիներին դեսպանատներում մերժելու խնդիրն ԱԳՆ-ն քննարկում է ԵՄ գործընկերների հետ
18:42 - 13 հունիսի, 2024

070 կոդով անձնագրի պատճառով արցախցիներին դեսպանատներում մերժելու խնդիրն ԱԳՆ-ն քննարկում է ԵՄ գործընկերների հետ

Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ (օրինակ՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի) մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են:

070-ը, ինչպես հայտնի է, Ստեփանակերտի անձնագրային ծառայության կոդն է։ Մինչ բռնի տեղահանությունը այդ կոդով անձնագիր տրամադրվում էր միայն Ստեփանակերտում,  իսկ 2023 թ․-ի հոկտեմբերի 12-ից հետո՝ նաեւ Երեւանում՝ տեղահանված արցախցիներին նույնականացնելու նպատակով (առավել մանրամասն՝ այստեղ

Հայաստանի կողմից Արցախի բնակչությանը տրամադրված անձնագրերը, ըստ Հայաստանի եւ Արցախի միջեւ կնքված «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի, եղել են ճամփորդական անձնագրեր, որը նրանց չի շնորհել ՀՀ քաղաքացիություն։ Մերժում տրամադրելիս դեսպանատները նաեւ այս հանգամանքն են հիշատակել՝ նշելով, որ քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է մերժումներին՝ նշելով, որ եթե անգամ դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխող այն փաստը, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Դրանից բացի, Ստեփանյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ, եւ սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք խնդրի մասին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկում լուծման ուղղությամբ։ 

Հետաքրքրվել էինք նաեւ՝ ի՞նչ դիրքորոշում ունեն նշված խնդրի վերաբերյալ, մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը պե՞տք է արդյոք պայմանավորված լինի ՀՀ քաղաքացիության հարցով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ-ն ժամանակավոր պաշտպանության ներքո է վերցրել եւ փախստական ճանաչել բռնի տեղահանված արցախցիներին։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են 070 կոդ ունեցող անձնագրերի դեպքում եվրոպական երկրներ մուտքի արտոնագիր չտրամադրելու խնդրի մասին․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- նշել են Արտաքին գերատեսչությունից։

ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Կառավարության վերոնշյալ որոշման համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստթուղթ են անձնագիրը, որի ծածկագիրը տպագրվում է բացառապես 070 կոդով եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ 070 ծածկագրով տրված փաստաթուղթը նույն որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ։

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից դարձյալ հղում են կատարել Կառավարության հիշյալ որոշմանն ու վերահաստատել՝ 070 ծածկագրով տրված փաստաթուղթը այդ որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ, եւ Հայաստանից դուրս գալիս եւ Հայաստան մուտք գործելիս վավեր է միայն ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի հետ միասին գործածելու պարագայում․ «Ինչ վերաբերում է ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայությունների կողմից մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերին, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու եւ իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայիեւ և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ  պահանջվող փաստաթղթերի եւ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»,- ասված է պատասխանում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել