ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
 |tert.am|
11:02 - 14 հունիսի, 2024

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը |tert.am|

tert.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացմանը։

Նշվում է, որ համաձայնագրի կնքման հիմք է հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները։

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են` իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովումը, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք։

Ըստ նախագծի` գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ–ից Իրան արտահանման ծավալներում։ Դրանք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասսայե արտադրանքի մասով։

Համաձայնագրի շրջանակում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումը Իրան կապահովվի առանց անցումային ժամանակաշրջանների։

Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել