azatutyun.am: Արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին։
Վլադիմիր Պուտինի երկօրյա այցի շրջանակում երկու առաջնորդները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին։ Մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ համաձայն ստորագրված փաստաթղթի»։
«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է ՌԴ նախագահը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը փաստաթուղթը «գերազանց» բառով է բնութագրել։ Ընդհանրապես, Պուտինի այցն, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում։
«Այս պայմանագրի շնորհիվ մեր հարաբերությունները զարգացման նոր հեռանկարներ ստացան, դարձան դաշնակցային», - հայտարարել է Կիմ Չեն Ընը:
Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Կիմը շեշտել է, որ իր երկրի կառավարությունը «լիակատար աջակցություն և համերաշխություն է հայտնում Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար»։ Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այդ պատերազմը սկսել է և արդեն գրեթե երկուսուկես տարի շարունակում է «ինքնիշխանությունը, անվտանգության շահերը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Կիմը նաև նշել է Ռուսաստանի դերը «աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման գործում»։
Պուտինն, իր հերթին, քննադատել է ԱՄՆ-ին և կրկին գովել Փհենյանին Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին Պուտինը գրել էր նաև հյուսիսկորեական թերթերից մեկում իր այցից առաջ հրապարակված հոդվածում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)