ԵՄ-ն ՀՀ-ին 18 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի. համաձայնագիրը հաստատվեց
 |1lurer.am|
12:42 - 20 հունիսի, 2024

ԵՄ-ն ՀՀ-ին 18 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի. համաձայնագիրը հաստատվեց |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության հունիսի 20-ի նիստին գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Ըստ փոխվարչապետի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո:

«Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա:

Փոխվարչապետը նաև պարզաբանեց՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով:

«15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել