news.am: Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են եկել՝ պահանջելու իրավապահներից բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։ Ծնողներին է մոտեցել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Մահացած զինծառայող Վալերիա Մուրադյանի մայրը նախարարին ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց ստել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած։ Խմբի մեջ էր նաև Աննա Վարդապետյանը, ասում էր, որ սրանք սպանություններ են, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեզ խոստացավ, թե ոչ մի պաշտոնական վարկած չի համապատասխանում իրականությանը, ասաց՝ գործերը միանշանակ վերաորակվելու են և հոդվածները կփոխվեն, ոչինչ չարեց, իր խոստումը չպահեց։
Գլխավոր դատախազը ստում է։ Մինչև մեր երեխեքի հանցագործների չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները վերացված են, դեպքի վայրը վերացված է, հիմա բա ի՞նչ են քննում։ Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։ Էս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։
Նախարարը ծնողների պահանջը լսելուց հետո խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։
comment.count (0)