«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել ՀՀ իշխանություններին
 |armenpress.am|
12:39 - 21 հունիսի, 2024

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել ՀՀ իշխանություններին |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում ողջ գործիքակազմով աջակցել Հայաստանի գործող իշխանություններին՝ դեպի Եվրոպա գնալու գործընթացում:

Այս մասին ընդգծեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:  

Սարգսյանն արդեն երկրորդ անգամ նման ձևաչափով ԱԺ-ում քննարկում անցկացնելը համարեց փաստ, որ իշխանությունների համար այս օրակարգը քննարկման թեմա է, ինչը դրական է:  

«Մենք բազմաթիվ անգամներ հանձնառություն ենք վերցրել, որ դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցելու ենք գործող իշխանություններին, աջակցելու ենք մեր ողջ պոտենցիալով, քննադատելու ենք բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ ԵՄ անդամ դառնալու հարցում, քննադատելու ենք բոլոր այն ուժերին, որոնք դեմ եմ մեր՝ ԵՄ անդամ դառնալուն, քննադատելու ենք իշխանություններին, եթե նրանք դանդաղեն: Բայց, եթե իրենք այդ ուղղությամբ նույնիսկ դանդաղ քայլեր անեն, մենք աջակցելու ենք»,-ասաց Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ 2020 թվականից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացները կապ չեն ունեցել ո՛չ ԼՂ-ի, ո՛չ Տավուշի սահմանազատման, ո՛չ «Լաոյի արթնանալու» հետ: Այդ խնդիրները մեկ հիմնական հարց են ունեցել: Այդ հարցը աշխարհաքաղաքական է, քաղաքակրթական է: «Ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո. գնալու է դեպի քաղաքակրթական աշխարհ՝ դեպի Եվրոպա՞, թե՞ մնալու է այն տեղում, որտեղ ստորագրված պայմանագրեր ու հանձնառություններ ունի»,-հարցրեց կուսակցության նախագահը: 

Նա կարծում է, որ այդ առումով Հայաստանի ներքաղաքական դաշտը բաժանվել է 3 մասի:

«Առաջին մասի կողմնակիցները պնդում են, որ Հայաստանն իր գործունեությունը պետք է ծավալի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելով, մնացած երկրների մասով՝ ձեռքի հետ: Երկրորդ ուղղության կողմնակիցները գտնում են, որ Հայաստանը պետք է նոր գործընկերներ գտնի, Եվրոպայի հետ համագործակցությունը սերտացնի, բայց Ռուսաստանի հետ էլ պահի առկա համաձայնություններն՝ անկախ նրանից Ռուսաստանը կատարո՞ւմ է դրանք, թե՞ ոչ: Եվ կա երրորդ ուղղությունը, որի ներկայացուցիչն եմ նաև ես, որն առաջարկում է իսկապես քաղաքակրթական ընտրություն անել, իսկապես որոշել Հայաստանի վերջնական ուղղվածությունը և այդ ուղղությամբ իրական քայլեր անել: Եթե գնում ենք Հայաստանի ներքաղաքական դաշտի այն թևի ուղեգծով, որն առաջարկում է մնալ Ռուսաստանի հետ, այդ դեպքում միանշանակ է, որ մենք առաջին քայլով պետք է Հայաստանից դուրս հրավիրենք ԵՄ դիտորդներին, երկրորդ քայլով պետք է հրաժարվենք Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինություն գնելուց, երրորդ քայլով պետք է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ռազմական փորձագետներին դուրս հրավիրենք, որ մեր բանակը նոր ուղեգծի վրա չդնեն, այսինքն՝ սպառազինության և բանակի առումով մնանք հետամնաց, և այդ դեպքում Ադրբեջանը մեզ հետ կխոսի այնպես, ինչպես ցանկանում է... »,-կարծիք հայտնեց կուսակցության նախագահը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել