Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին
21:31 - 21 հունիսի, 2024

Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի էջ տեղեկացնում է, որ արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։

Նշվում է, որ դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, փոխանցել իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել