Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին
06:24 - 13 հունվարի, 2020

Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է​ հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների,​ Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների,​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը:

Հարգանքով՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել