factor.am: ՀԱՊԿ դաշնակիցները մի կողմ չեն կանգնի, եթե Ռուսաստանն օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ներկայում քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության դիմումներ չի ստացել։
Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն կանգնի»,- ասել է նա։
Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ խորը ցավով են ընդունել Մախաչկալայի և Դերբենտի ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործություններն արդարացում չունեն»,- ընդգծել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:
Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
comment.count (0)