Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ․ Անահիտ Մանասյան
19:26 - 24 հունիսի, 2024

Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ․ Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիացիայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ-ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։
 
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։
 
«Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։
 
Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։
 
Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային միջավայրի ապահովման կարևորությունը։
 
«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել