Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|
12:36 - 25 հունիսի, 2024

Ավինյանը համաձայնեց ՀԾԿՀ ներկայացուցիչների հետ կազմակերպել էլեկտրաէներգիայի և ջրի որակին առնչվող քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։

Ավագանու անդամն առաջարկեց քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները:

«Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհեց Աբգարյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է:

«Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։

Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի:

Առաջարկում եմ այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Ավինյանը և առաջարկեց կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել