armenpress.am: Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք։ Կառավարության հունիսի 27-ի նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։
«Նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս 69 հաստիք է։
Քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թվականին պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել էր, և դրանով որոշ չափով մեղմվեց նրանց ծանրաբեռնվածությունը»,-նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է։
«2023 թվականին պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թվականին գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ։ Օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը հանրային պաշտպանի ծանրաբեռնվածության կեսն է»,-եզրափակեց Կարապետյանը։
comment.count (0)