ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն այլեւս ընտրություններն են. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
17:21 - 01 հուլիսի, 2024

ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն այլեւս ընտրություններն են. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Ժողովրդավարությունն առանց հանրային քննարկման ավելի քիչ դիմակայուն է։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր խոսքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Կարծում եմ, որ ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ հակադրություն չկա, փորձում են հակադրություն ստեղծել, բայց միանշանակ է, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է, իհարկե ոչ այն իմաստով, թե ոչինչ չի փոխվում, այլ ակնկալիքների առումով է կայուն, փոփոխություններն ընտրությունների միջոցով են տեղի ունենում, հանրային ընկալումների փոփոխությունները շատ արագ արտահայտվում են ընտրությունների միջոցով։ Կարող է կառավարող ուժի ընտրությունները 4-5 տարին մեկ լինեն, բայց դրանք հնարավորություն են հանրային տրամադրություններն արտացոլելու, դրանք կայուն են եւ անվտանգ։

Կարող եմ անկեղծ ասել, որ 2018-ից սկսած մեր աշխատանքների ուղղություններից մեկը եղել է այն, որպեսզի փորձենք ընդլայնել նախ անվտանգության հայեցակարգի ընկալումը, որովհետեւ հաճախ, գիտեք, երբեմն փորձ է կատարվում անվտանգությունը դնել նեղ հասկացության մեջ, ընկալել անվտանգության ինստիտուտների մասով, բայց իրականության մեջ անվտանգությունը շատ մեծ հասկացություն է։ Հենց կոնկրետ ԶՈՒ-ի եւ անվտանգության ինստիտուտների աշխատանքը կապված է նաեւ համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից, եւ երբ անվտանգության ինստիտւտներն իզոլացված են աշխատում, դա միայն բացասական ազդեցություն է ունենում։ Կարծում եմ՝ որոշակի չափով մեզ հաջոցվել է, եւ հստակ համոզմունք կա, որ ժողովրդավարությունը մեր անվտանգության մաս է կազմում։

Ժողովրդավարությունը եղել է այն հիմնական գործիքը, որով կարողացել ենք քաղաքական ճգնաժամերը հաղթահարել, նաեւ հնարավորություն կա հանրային կարծիքներն արտահայտելու եւ չիզոլացնելու այն հնարավոր կարծիքները, որոնք կարող են լինել հանրությունում։

2021-ի ազատ, արդար ընտրությունները, որոնք ճանաչվել են եւ հանրության, եւ միջազգային հանրության կողմից, կարեւոր գործիք էին ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, եւ այս առումով, կարծում եմ, ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն այլեւս ընտրություններն են, այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի, եւ սա հիմնական հաջողություններից մեկն է։

Ես ուզում եմ կարեւորել նաեւ ժողովրդավարությունը ինքնիշխանության պաշտպանության կոնտեքստում, որովհետեւ էն ճնշումները, որոնք Հայաստանի վրա կային նաեւ ինքնիշխանության տեսանկյունից, Հայաստանը կարողացել է դիմակայել հենց ժողովրդավարության միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել