Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց․ ՔԿ խոսնակ
14:57 - 04 հուլիսի, 2024

Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց․ ՔԿ խոսնակ

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողություններին։ Գրառումը՝ ստորև․

«Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կաշառք տալը, որը որը կատարվել է իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 437-րդ հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը) հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել