Սահմանադրությունը մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար, այն պետք է դառնա հասարակության կենսակերպ․ ՍԴ նախագահ |armenpress.am|
10:23 - 05 հուլիսի, 2024

Սահմանադրությունը մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար, այն պետք է դառնա հասարակության կենսակերպ․ ՍԴ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առիթով «Արմենպրես»-ի հետ զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։  

- Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Ըստ Ձեզ՝ այդ օրվանից մինչ այսօր ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ են արձանագրվել: 

-Սահմանադրությունն ինքնին մեծագույն ձեռքբերում է ցանկացած ժողովրդի համար։ Ուզում եմ, որ մենք սա խորապես գիտակցենք։ Սահմանադրությունը պետության անկախության և ամբողջականության ամենակարևոր երաշխիքն է։ 

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին և բացթողումներին, ապա պետք է տեսնենք, թե ինչպես է զարգանում պետությունը, ինչպես են զարգանում պետություն-անհատ, պետություն-հասարակություն հարաբերությունները։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում պետական ինստիտուտները, քաղաքական համակարգի մյուս մասնակիցները։ Եթե տեսնենք մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, անհատի նկատմամբ պետության դրական վերաբերմունքի պրոգրեսիվ զարգացում, պետական մարմինների սահմանադրամետ վարքագիծ, իրավական օրենքներ՝ ուղղված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանությանը, արդյունավետ մեխանիզմներ օրենքների իրականացման համար, քաղաքական համակարգի հասունություն, ապա կարձանագրենք նաև Սահմանադրության ձեռքբերումները։ Եթե մենք դրանք չտեսնենք, ապա կարձանագրենք Սահմանադրության բացթողումները։ 

Սա է, կարծում եմ, ամենահիմնական բանաձևը, որով պետք է բացահայտենք ձեռքբերումները և բացթողումները։ 

Պետք է միշտ հիշենք և սերմանենք Սահմանադրության կարևորությունը հասարակության բոլոր շերտերում։ Պետք է ձևավորենք սահմանադրական մշակույթ։ Եվ այս համատեքստում մեկ բացթողում կցանկանայի նշել, որ մեր պետության ներսում բացակայում է սահմանադրական մշակույթը։

Սահմանադրական դատարանում նկատում ենք, որ այն խնդիրները, որոնք առաջանում են պետական ինստիտուտներում, իրականում կարող էին շատ հեշտ լուծվել, եթե լիներ կամք ձևավորելու այդ խնդիրների լուծման սահմանադրական ավանդույթներ։ Իհարկե, երբ այդ խնդիրները հայտնվում են Սահմանադրական դատարանում, մենք իրավական մեկնաբանությունների միջոցով տալիս ենք լուծումները, բայց խնդիրներ կան, որոնք կարող էին առանց բարդ իրավական ընթացակարգերի  սահմանադրական ավանդույթների միջոցով լուծվել, և այդ ամենը կլիներ գեղեցիկ վարքագիծ։ Եվ դա իր հերթին շատ լավ քայլ կլիներ սահմանադրական մշակույթի ձևավորման, կայուն և հարատև ժողովրդավարական ինստիտուտներ ունենալու գործում։

- 2018 թվականից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից շատ է խոսվել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Դուք այս մասով ի՞նչ դիրքորոշում ունեք, արդյոք գործող Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն կա՞: 

- Շնորհակալություն հարցի համար, բայց, ցավոք, ճիշտ պաշտոնյայի չեք ընտրել այդ հարցը տալու համար։ Ես և Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր էթիկական և օրենքով նախատեսված սահմանափակում ունենք այդ հարցերին պատասխանելու համար։ Կբացեմ, թե խոսքը ինչի մասին է։ Էթիկական առումով Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար Սահմանադրությունը իդեալական փաստաթուղթ է։ Դա այն կարևորագույն փաստաթուղթն է, որի պաշտպանությանն է կոչված Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ գործ ունենք իդեալական, ինքնաբավ փաստաթղթի հետ։ Հետևաբար, ես որևէ պարագայում չեմ կարող ասել կա՞, թե՞ չկա Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն։ 

Որպես Սահմանադրական դատարանի նախագահ,  Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել՝ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից։ Ժողովուրդն այս առումով ազատ է, ինքն է որոշում փոխե՞լ, թե՞ չփոխել Սահմանադրությունը։ Եվ, եթե ժողովուրդը գնաց այդ ճանապարհով և համաձայնեց այդ նախաձեռնության հետ, ապա այդ գործընթացը ինչ-որ մի օր գալու է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ փոփոխությունների վերաբերյալ որոշում կկայացնի։ Եվ այդ պարագայում, եթե ես կարծիք արտահայտեմ՝ կա՞ անհրաժեշտություն Սահմանադրության փոփոխության, թե՞ ոչ, ապա ես ինքս կսահմանափակեմ այդ գործին մասնակցելու իմ իրավունքը և կկորցնեմ վստահությունն անաչառ դիտորդի մոտ։

Առավել մամրամասն՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել