ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը
 |armenpress.am|
14:45 - 08 հուլիսի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն ու դրանց զարգացման հեռանկարներին, այդ հարցում կարևորել է երկու երկրների միջև տրանսպորտային, ենթակառուցվածքային զարգացումը՝ մատնանշելով նաև Երևանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հնարավորություն կտա խորացնել տնտեսական կապերը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։

Գևորգ Պապոյանը նման կարծիք է հայտնել ղազախական «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և կիսվելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականներով։

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը և Ղազախստանը՝ վերջինիս նախագահի՝ ապրիլին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ։

Նախարարը հավելել է, որ Հայաստանը ներկայում գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, բայց միևնույն ժամանակ կապեր է պահպանում այնպիսի ավանդական գործընկերների հետ, ինչպիսին Ղազախստանն է։ 

«Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 100,4 մլն դոլար․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ մենք ֆիքսում ենք աճ 2,4 անգամ։ Հայաստանից Ղազախստան արտահանումը 2023 թվականին կազմել է 71,3 մլն դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 3,8 անգամ։ Այստեղ մենք համագործակցության ոլորտներն ընդլայնելու մեծ ներուժ ունենք։ Տարբեր ոլորտներում փոխգործակցությունն արդեն հաստատված է, և համագործակցության ընդլայնման հարցը մշտական​քննարկման փուլում է։ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը զարգանում է բավականին ակտիվ՝ դուրս գալով տարբեր շուկաներ ու ոլորտներ։ Մեզ համար բոլոր առաջարկները կարևոր են, և բոլոր տարբերակները քննարկվում են»,-ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության պոտենցիալ ոլորտներից է տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի զարգացումը։ Նա տեղեկացրել է, որ Երևանում հայ-ղազախական գործարար համաժողովի ընթացքում քննարկվել են դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղությունների զարգացման հարցեր։  

Պապոյանը նկատել է, որ Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում սեփական ենթակառուցվածքների և կարողությունների բարելավմանը՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու գործունեության համատեքստում, իսկ Երևանն, իր հերթին, մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հնարավորություն կտա խորացնել տնտեսական կապերը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։

«Այս հայեցակարգի հիմնական իմաստը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումն է նորերի կառուցման, ինչպես նաև հին ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և շահագործման միջոցով: Անկասկած, «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն իր հետ բերում է բազմաթիվ նոր հնարավորություններ՝ կապված ապրանքների, բեռների, մարդկանց տեղաշարժի հետ։ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծը հնարավորություն կտա տարածաշրջանի բոլոր կողմերի համար կառուցել բարեկեցիկ ապագա և խորացնել տնտեսական կապերն ու համագործակցությունը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ»,- հավելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ շեշտելով, որ այդ նախագծի իրականացման ժամկետները պետք է որոշի ոչ միայն Հայաստանը։ 

Նախարարը, եզրափակելով միտքը, նշել է, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելու հարցում Հայաստանն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների ակտիվ աջակցությունը վրա և երախտապարտ կլինի բոլորին, ովքեր պատրաստ են այս կամ այն ​​կերպ աջակցել դրա իրականացմանը։ 

Երևանում ապրիլի 9-ին Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շակկալիևի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-ղազախական գործարար համաժողով, որի աշխատանքներին մասնակցել են ավելի քան 150 ներկայացուցիչներ տնտեսության տարբեր ոլորտներից։ Գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ։ 

Ապրիլի 15-ին՝ մեկօրյա պաշտոնական այցով Երևան այցելեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության ոլորտներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել