Քաղաքացիները չեն կարողանում մոտենալ իրենց սեփականությանը. նախագծված, բայց չկառուցված ճանապարհը
12:55 - 09 հուլիսի, 2024

Քաղաքացիները չեն կարողանում մոտենալ իրենց սեփականությանը. նախագծված, բայց չկառուցված ճանապարհը

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելու է այդտեղ, թե ոչ։

Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։

Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ 

Քաղաքային իշխանությունն արդեն 3 տարի է՝ քայլեր չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ 

Մեր այցելության ժամանակ Արփին, սյուներից բռնվելով, դժվարությամբ բարձրանում էր անմշակ, զառիթափ տարածքով՝ տնից դեպի մայրուղի տանող հատված դուրս գալու համար․ «Հողը գնելիս, բնականաբար, եկել ենք տարածքը նայելու, եւ փաստաթղթերը համադրելով՝ հասկացել ենք, որ ցավոք սրտի, ճանապարհը կառուցված չէ։ Հաշվի առնելով, որ ոչ ոք ոչինչ չի արել այս տարածքում, ենթադրել ենք, որ ժամանակ չի եղել, կդիմենք քաղաքապետարան, հարցը կլուծվի»,- պատմում է Արփին։

Արդեն 3 տարի է, սակայն, հարեւաններով փորձում են Երևանի քաղաքապետարանից խնդրի լուծման վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ։ Բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ քաղաքային իշխանությունը նշել է միայն, որ հարցն ուսումնասիրում են․ «Նաեւ 2 անգամ հանդիպել ենք Տիգրան Ավինյանի հետ․ մի անգամ՝ Արաբկիրի համայնքապետարանում, երբ դեռ փոխքաղաքապետ էր, երկրորդ անգամ՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Դա 2023 թ․ սեպտեմբերի սկիզբն էր, այդ ժամանակ էլ, սկզբում էլ ասաց՝ սեպտեմբերի 15-ին ձեր ճանապարհը կբացվի, այդ սեպտեմբերի 15-ը մինչեւ հիմա չի գալիս»,- նշում է Արփին ու հավելում՝ այս ընթացքում հարեւաններից մեկի շինթույլտվության ժամկետն ավարտվեց, բայց նա այդպես էլ չկարողացավ շինարարությունը սկսել, որովհետեւ շինտեխնիկան հողին մոտեցնել չկարողացավ։ 

Դեղինով եզրագծված հատվածը հատակագծով նախատեսված ճանապարհն է, որի շուրջբոլորը հողատարածքներ են, իսկ կարմիրով եզրագծվածը՝ Արփի Խալաթյանի հողատարածքը

Չկառուցված ճանապարհի հատվածում հողազավթումներ են եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել

Մինչ խնդիրը կլուծվեր, շինտեխնիկան եւ շինանյութը տեղափոխելիս Արփի Խալաթյանն ու իր ամուսինը օգտվել են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհից։ Վերջինս համայնքային հողամասով անցնող, անմշակ տարածք է, որով մուտք են գործել իրենց մեկ այլ հարեւանի հողամաս, այնտեղից էլ՝ իրենց հողամաս։ 

Դա եղել է 2022 թ․-ին։ Հենց այդ ժամանակ էլ պատահմամբ նկատել են, որ իրենց հողատարածքի հարեւանությամբ գտնվող համայնքային հողամասը, որտեղով կառուցվելու դեպքում պիտի անցնի ճանապարհը, շրջափակված է երկաթբետոնե ցանկապատով․ «Իմ առաջին դիմումը Քաղաքապետարանին հենց այդ մասին է եղել (հարեւաններից մեկը ճանապարհի հարցով ավելի վաղ՝ 2021-ին է դիմել,-հեղ․), որ մեր ճանապարհի հողը զավթված է։ Դեռեւս այդ ժամանակ, երբ Քաղաքապետարանից մարդ եկավ, ակնհայտ 1000 քմ զբաղեցնող ցանկապատը ոչ ոք չնկատեց, ասաց՝ այստեղ քաղաքաշինության դեպք չեմ տեսնում։ Շատ լավ, գուցե շենք-շինություն չկար, բայց այդ բետոնե ցանկապատը, որը փակում էր համայնքային այդ մեծ կտորը, քաղաքաշինության դեպք չէ՞ր»,- ասում է Արփին։

Զավթված հողատարածքը,  2023 թ․, ապրիլ 

Նրա խոսքով՝ իր և հարեւանների հետեւողականության շնորհիվ ցանկապատը հանվեց տարածքից․ «Մարտին տեղի ունեցած ավագանու նիստում ավագանու անդամներից մեկը բարձրաձայնեց այդ մասին, եւ դրանից հետո օրերի ընթացքում եկան, ստիպեցին հանել երկաթե սյուները։ Բայց հետքերը ամբողջությամբ մաքրված չեն, տնկիները, ծղոտե տաղավարը դեռ վերացնել է պետք»։

Քաղաքապետարանից բացի՝ քաղաքացիները կոլեկտիվ դիմումներ են ներկայացրել նաեւ վարչապետի աշխատակազմ, Պետական վերահսկողական ծառայություն եւ Հակակոռուպցիոն կոմիտե։ Ի վերջո, ապրիլին նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ այժմ կատարվում է նախաքննություն։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ինֆոքոմին» տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հողերի ինքնակամ զավթումը չվերացնելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգքրի 447-րդ հոդվածի 1-ին մաս):

Վեճը այժմ Վերաքննիչ վարչական դատարանում է

Քաղաքացին, որը աշխատանքներ էր կատարել այդ տարածքում, Սերգեյ Սանթրոսյանն է։ Նա 2022 թ․ մայիսին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել այդ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրել իրեն։ Նշենք, որ Հողային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնք ավելի քան 10 տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, իրավական որոշակի այլ հիմքերի առկայության դեպքում ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք։

Վարչական դատարանը, դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ, այս տարվա փետրվարին մերժել է հայցը՝ արձանագրելով, որ գործում առկա չէ որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց առ այն, որ հայցվորը ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտագործել է վիճելի հողատարածքը։ 

Սերգեյ Սանթրոսյանը այս վճիռը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան։ Գործով դատական նիստ է նշանակվել 2025 թ․ հունվարին։ 

Մեր զրույցում, անդրադառնալով այս թեմային, Սերգեյ Սանթրոսյանը նախ ասաց, որ դա իր հողն է, իսկ երբ պնդեցինք, որ համայնքային սեփականություն է, ասաց․ «Համայնքային է՝ համայնքի տիրապետության տակ է, բայց Վերաքննիչ դատարանը Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է»։ Ի պատասխան դիտարկմանը, որ քաղաքացիները մտահոգություն ունեն, որ այդ հողատարածքի մասնավորեցումը կարող է խոչընդոտել ճանապարհի կառուցմանը, Սանթրոսյանն ասաց․ «Ինչի՞ համար է այս հարցը։ Ուրեմն՝ ես ինչ անեմ, սեփականատերերին պիտի մտահոգի՞։ Դա իրենց չվերաբերող հարց է»։

Նոր հողահատկացումներ՝ հողային այս թնջուկում. ըստ Արփի Խալաթյանի՝ փակվում է նաև իրենց այլընտրանքային ճանապարհը 

Հունիսին, երբ Արփի Խալաթյանը կադաստրային քարտեզն ուսումնասիրելիս է եղել, պատահմամբ պարզել է, որ իրենց համար այլընտրանքային ճանապարհ հանդիսացող հողամասը մասնավորեցվել է։ Երեւան համայնքը այն որպես նվիրատվություն տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը, վերջինս էլ անհատույց սեփականության իրավունքով հողամասը տրամադրել է քաղաքացի Արմեն Մովսեսյանին․ «Հաշվի առնելով, որ մեր ճանապարհը պիտի Թբիլիսյան խճուղուց իջնի, բավականին մեծ թեքություն է ունենալու, եւ այդտեղ պիտի շատ կտրուկ շրջադարձ կառուցվի, այդ կտորը բավականին լայն էր, կբավարարեր այդ թեքության վրա [շրջադարձ կառուցելու,-հեղ․], իսկ հիմա պոտենցիալ ճանապարհի համար մնացել է 5 մետր տարածք։ Բացարձակ պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ նմանատիպ ճանապարհի համար այդ 5 մետրը չեղածի հաշիվ է»,- վրդովվում է Արփի Խալաթյանը՝ ընդգծելով, որ դիմումներից մեկում քաղաքապետարանին անգամ խնդրել էին զերծ մնալ հնարավոր հողահատկացումներից, մինչեւ ճանապարհի խնդիրը լուծում կստանար։

Օրերս հարեւանները դիմում են գրել քաղաքապետարան՝ պարզաբանում պահանջելով այդ նվիրատվության վերաբերյալ։ Հունիսի 1-ին էլ Արփին է հերթական անգամ դիմել՝ խնդրելով հայտնել՝ չավարտվեցի՞ն արդյոք այդ ուսումնասիրությունները․ «2023 թ․ հոկտեմբեր ամսին, երբ իմ հերթական դիմումին քաղաքապետարանից պատասխանել էին, որ այդ հարցով կատարում են ուսումնասիրություններ, նույն օրերի ընթացքում տեղի է ունեցել այս հողահատկացումը։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, բա եթե հենց այնպես է, ինչո՞ւ մեր օրինական պահանջը 3 տարի չի բավարարվում, ի՞նչ է, քաղաքապետարանի վարչությունները իրարից տեղյակ չե՞ն, քաղաքապետը տեղյակ չէ՞, որ մի մետր այս կողմ ճանապարհ չկա, մի մետր այն կողմ հող են հատկացնում, դա քաղաքային պլանավորման խայտառակ ֆիասկո է»։

Ճանապարհ եւ դեպի իրենց հողատարածք մեքենայով հասանելիություն չունենալու դեպքում Արփին այլ ելք չի տեսնում, քան դատական կարգով քաղաքապետարանից փոխհատուցում պահանջելը.  «Եվ եթե հիմա ես քաղաքապետարանին դատի տամ, ինձ պետք է փոխհատուցվի ոչ միայն շուկայական արժեքը, այլ նաեւ իմ հիպոթեքը։ Ես դա ինչի՞ համար եմ վերցրել, վերցրել եմ, որովհետեւ քաղաքապետարանը ինձ տվել է շինթույլտվություն։ Շինթույլտվություն տալը նշանակում է, որ այստեղ կա հստակ պլանավորում՝ գնա, տունդ սարքիր, ճանապարհը կա կամ կկառուցենք, գոնե այդպես»,- ասում է Արփին՝ ընդգծելով, որ իրենց խնդիրը քաղաքապետարանից գումար կորզելը չէ, իրենք այդ տարածքը շատ սիրում են եւ համարում են հեռանկարային, հետեւաբար ավելի նախընտրում են ճանապարհի կառուցումը։

Ո՞ւմ է պետությունը նվիրել այլընտրանքային ճանապարհը փակող հողակտորը 

Քաղաքացի Արմեն Մովսեսյանը, որին տրվել է այդ հողատարածքը, նախկին բռնադատված Կորյուն Մովսեսյանի իրավահաջորդն է։ Կորյուն Մովսեսյանը դեռ 2008 թ․-ին դատական հայց է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ խնդրելով վերջինիս պարտավորեցնել, որ իրեն՝ որպես բռնադատվածի, տրամադրի հողատարածք իր նախկին բնակության վայրում, որը, ըստ Կորյուն Մովսեսյանի, Թբիլիսյան խճուղու հարակից նույն այդ հողամասերի կենտրոնական մեկ այլ տարածքում է։ Դատական երկարատեւ քաշքշուկից հետո՝ 2018 թ․-ին, ի վերջո կայացվել է վճիռ, որով Մովսեսյանի հայցը բավարարվել է մասնակի։

Դատարանն արձանագրել է, որ քաղաքապետարանը, դեռեւս 2005 թ․-ին վկայակոչելով դիմումատուի իրավական կարգավիճակը վատթարացնող իրավական ակտ, ըստ էության, անհիմն է մերժել նրա դիմումը: Միաժամանակ արձանագրել է, որ գործի նյութերում առկա փաստաթղթերով հնարավոր չէ իրավաչափ եզրահանգման գալ առ այն, որ Մովսեսյանի մատնանշած հողամասը նույնական է իր նախկին բնակության վայրի հետ, եւ այդ փաստը մնում է չապացուցված: Դրանից բացի, թեեւ մինչեւ գործի վերջնական ընթացքը քաղաքապետարանին արգելվել էր աճուրդի հանել այդ հողամասը, դա փաստացի չի կատարվել, եւ հողամասը մասնակի վաճառվել է երրորդ անձանց։ Արդյունքում, դատարանը եզրահանգել է, որ  Կորյուն Մովսեսյանի մատնանշած նախկին բնակության վայրի հողամասից 800քմ հատկացնել այլեւս հնարավոր չէ․ «Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ Երեւանի քաղաքապետարանը չի ներկայացրել որեւէ թույատրելի եւ վերաբերելի ապացույց եւ/կամ փաստարկ առ այն, որ տվյալ փաստը հանգեցնում է Կորյուն Մովսեսյանի նախկին բնակության այլ վայրում նրա իրավահաջորդին հողամաս հատկացնելու անհնարինության»,- վճռել է դատարանը՝ պարտավորեցնելով Կառավարությանը Մովսեսյաններին անհատույց սեփականության իրավունքով հատկացնել հողամաս:

Այս տարվա մարտի 3-ին Երեւան համայնքը 0․07997 հա մակերեսով հողատարածքը որպես նվիրատվություն տրամադրել է պետությանը, վերջինս էլ մարտի 25-ին այն անհատույց սեփականության իրավունքով նվիրել է Արմեն Մովսեսյանին (հետագայում նա նվիրել է իր որդուն՝ Արամ Մովսեսյանին)։

Կառավարության նվիրատվությունից մեկ ամիս չանցած՝ մայիսի 16-ին, Արմեն Մովսեսյանը այդ հողատարածքից 0․039 հա մակերեսով հատվածը վաճառել է նույն Սերգեյ Սանթրոսյանին։

Սերգեյ Սանթրոսյանը մեր զրույցում ասաց, որ իր հողատարածքը ոչ ոքի չի խոչընդոտում, եւ ըստ չափումների՝ շրջադարձի կառուցման համար եւս տեղ կա։ Նրա կարծիքով՝ եթե ճանապարհը նախագծված է, ապա կկառուցվի։

Դեղինով նշված 0335 հողատարածքը՝ Արամ Մովսեսյանինը, 0336-ը՝ Սերգեյ Սանթրոսյանինը

Երեւանի քաղաքապետարանն ու ՏԿԵՆ-ը բովանդակային տեղեկություններ չեն հայտնում

Գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ճանապարհը ինչու կառուցված չէ, եւ նախատեսվում է կառուցել, թե ոչ։ Չկառուցելու դեպքում խնդրել ենք հայտնել պատճառները եւ այն, թե ինչպես են պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ եթե պատրաստվում է կառուցել, նվիրատվություն կատարելիս հաշվի առե՞լ է, որ այդ հողատարածքի՝ հետագայում հնարավոր մասնավորեցումը կարող է խոչընդոտել համայնքային նշանակության ճանապարհի կառուցմանը, քաղաքային պլանավորման համատեքստում ի՞նչ երաշխիքներ կամ այլընտրանքներ են դիտարկվել հնարավոր այդ ռիսկը չեզոքացնելու համար։ Նույնաբովանդակ հարցեր հղել ենք նաեւ ՀՀ կառավարությանը։

«Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի հ.հ.11/7, 11/8, 11/15, 11/21, 11/22, 11/23, 11/24 հասցեների հողամասերը սեփականաշնորհվել են տարիներ առաջ՝ առանց հաշվի առնելու բնության մեջ դեպի սեփական տարածքներ մոտեցումներն ապահովվող ճանապարհները եւ գլխավոր հատակագիծը: Բացի այդ, տարիներ առաջ տարբեր անձանց կողմից իրականացված են եղել հողազավթումներ, կառուցվել են շինություններ, կոմունիկացիաներ, եւ տնկվել են ծառեր: Սեփականատերերի կողմից ինչպես Երեւանի քաղաքապետարան, այնպես էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ մուտքագրվել են դիմումներ ճանապարհի կառուցման եւ հողազավթումների վերացման վերաբերյալ: Մեր լիազորության շրջանակներում դեռեւս 2023թ.-ի սեպտեմբեր ամսին բացազատվել է գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհի ցանկապատված հատվածը, բայց քանի որ մյուս հատվածում տնկված էին ծառեր, ապա դրանց տեղափոխումը, հատելը պետք է համաձայնեցվեր մասնագիտական կառույցների հետ, ինչից ելնելով՝ մնացած մասը ապամոնտաժվեց ավելի ուշ»,- ասված է պատասխանում, որը տառացիորեն կրկնում է Երեւանի քաղաքապետարանի եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ Արփի Խալաթյանին ամիսներ առաջ ուղարկված պատասխանը։

Փաստացի, մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանն անդրադարձել է ցանկապատված տարածքի ապամոնտաժման դրվագին, իսկ որպես նվիրատվություն տրամադրված հողատարածքի, ճանապարհը չկառուցելու պատճառների եւ քաղաքային պլանավորման վերաբերյալ հարցերը թողել է անպատասխան։ Խնդրի լուծման առնչությամբ էլ նշել է միայն, որ համաատասխան ծառայությունները աշխատում են խնդրի լուծման տարբերակների վրա։

Օրեր անց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը մեզ  ուղարկել է գրություն (Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրել էր նաեւ Քաղաքապետարանին)՝ տեղեկացնելով, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկվող տարածքում իրականացվում է լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ բուն հարցերին պատասխանելու փոխարեն կրկին անդրադարձել են խնդրի նախապատմությանը եւ նվիրատվության հիմք հանդիսացած իրավական փաստաթղթերին։

Ըստ Քաղաքապետարանի՝ Արաբկիրի ղեկավարին առաջարկվել է հարցն ընդգրկել համապատասխան ծրագրում

Արփի Խալաթյանի վերջին՝ հունիսի 1-ին ուղարկված դիմումին քաղաքապետարանը նախորդներից տարբերվող պատասխան է տվել՝ հայտնելով․ «Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի եւ Շրջանցիկ թունել փողոցների անկյունում գտնվող 18 հողամասեր հասցեներում իրականցվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քննարկվող տարածքում բացակայում են հասցեներ տանող երթեւեկելի ճանապարհը եւ դրա կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք շինարարական եւ կահավորման աշխատանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչության կողմից Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին առաջարկվել է  իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկվող ճանապարհը վերականգնելու ուղղությամբ նախաձեռնել  համապատասխան միջոցառումներ եւ ճանապարհի կառուցման աշխատանքները ընդգրկել համապատասխան ծրագրում»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Արփի Խալաթյանին իր ստացած պատասխանը դարձյալ վրդովեցրել է․ «Փաստորեն, պահանջվեց երեքուկես տարի, որպեսզի Քաղաքապետարանը պարզի, որ ճանապարհն իրոք բացակայում է։ Կամ ի՞նչ է նշանակում «Արաբկիրի ղեկավարին առաջարկվել է»։ Չի հանձնարարվել, չի պատվիրակվել, այլ առաջարկվել է, այսինքն՝ Արաբկիրի ղեկավարը կարող է որոշել, որ սա այդքան էլ կարեւոր հարց չէ, եւ օրինակ, թողնել մյուս տարվա ծրագրի մեջ։ Հաշվի առնելով արդեն երեքուկես տարվա անգործությունը, մեր կրած ահռելի վնասները՝ այս խնդիրը պետք է լուծվի առաջնային հրատապության կարգով, ոչ թե թողնվի անորոշ ապագայի նույնքան անորոշ ծրագրի հույսին»,- կարծում է Արփին՝ հավելելով, որ Արաբկիրի ղեկավարը վաղուց է քաջատեղյակ խնդրին եւ կարծում է, որ հարցն իր իավասություններից դուրս է։

Արաբկիրի ղեկավարի խոսքով՝ սպասում են Երեւանի նոր հատակագծին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը մեր զրույցում ասաց, որ 2․5 տարի է, ծանոթ է խնդրին, եւ վարչական շրջանն ինչ կարող էր, արել է․ քաղաքացու հետ եկել է համաձայնության, որ հողազավթումը վերացնեն, մինչեւ դատարանի վճիռը կլինի, ինչից հետո ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ դիմել են քաղաքապետարանին, որպեսզի վերջինս ասի, թե ըստ Երեւանի գլխավոր հատակագծի՝ որտեղով է անցնելու ճանապարհը։ Ի պատասխան դիտարկմանը, որ քաղաքացիները հողամասը ձեռքբերելիս ունեցել են դրանց հատակագծերը, Ազատյանը հիշեցրեց, որ Երեւան քաղաքը նոր հատակագիծ է ունենալու։ Թե երբ այն պատրաստ կլինի, հայտնի չէ։ 

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ուղարկած առաջարկին, Ազատյանը տեղյակ չէր, ասաց՝ երբ ստանան, կհասկանան՝ իրենց լիազորությունների դաշտում է թե ոչ․ «Մենք տվել ենք Երեւան քաղաքին, որ քարտեզով ճշտումներ անեն, թե ճանապարհը ոնց է անցնելու, հիմա պետք է արդեն քաղաքը գենպլան տա, որ դրա հիման վրա հաշվարկ ունենանք։  Երբ որ կտան գենպլանը, սիրով կնախատեսեմ ճանապարհաշինության հարցը եկող տարվա ծրագրում կամ հնարավոր է՝ ավելի շուտ, եւ կքննարկեմ քաղաքապետի հետ։ Մի քսան օր առաջ էլ տեղեկացա, որ քննարկում է եղել «Երեւան նախագիծ» ընկերության ղեկավարի հետ, այդ ժամանակ էլ պատրաստակամություն հայտնեցինք, որ խումբ ձեւավորենք, գնանք, քննարկմանը մասնակցենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։ 

Թե լրացուցիչ ինչ ուսումնասիրության մասին էին նշել Քաղաքաշինության վարչությունից, մեր զրույցի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ։

Ըստ Քաղաքապետարանի՝ փոքր մասշտաբի ներթաղային ճանապարհները Գլխավոր հատակագծի շրջանակներում չեն

Քաղաքապետարանն օրերս հայտարարել է, որ ավարտվում են գլխավոր հատակագծի մշակման առաջին փուլի աշխատանքները։ «Երեւան նախագիծ» ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանը նշել է՝ այն համայնքներում, որոնք հուլիսի 1-ից չեն ունենա գլխավոր հատակագծեր, քաղաքաշինական գործունություն հնարավոր չի լինի իրականացնել։

Գրավոր հարցմամբ դիմեցինք նաեւ «Երեւան նախագիծ» ընկերությանը՝ ճշտելու, թե որոնք են գլխավոր հատակագծեր ունեցող եւ չունեցող համայնքները, սակայն վերջինիս աշխատակազմից բանավոր տեղեկացրին, որ իրենց էլեկտրոնային փոստին հասանելիություն չունեն՝ հորդորելով դիմել քաղաքապետարան։ Կապ հաստատեցինք Ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանի հետ, որը նույնպես հրաժարվեց պատասխանել հարցմանը՝ ասելով, որ գլխավոր հատակագծի պատվիրատուն քաղաքապետարանն է, եւ իրենք իրավասու չեն խոսել այդ մասին, քանի դեռ վերջինիս կողմից հանձնարարություն չեն ստացել։ 

Հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ Երեւան քաղաքի Գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքները ավարտված են․ ««Երեւան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Երեւան Քաղաքի Գլխավոր Հատակագծի Նախագծի» շրջանակներում «Ճանապարհային ցանց եւ տրանսպորտի կազմակերպման ուրվագիծ» բաժնի համաձայն՝ նախատեսվում է նոր մայրուղային ճանապարհ՝ կապող միմյանց «Թբիլիսյան խճուղի–Սեւակի փողոց-Ազատության պողոտա» եւ «Տ.Պետրոսայն փողոց-Եղվարդի խճուղի» խաչմերուկները ճանապարհային բազմամակարդակ հանգույցների իրականացմամբ»,- հայտնել են քաղաքապետարանից՝ հավելելով, որ փոքր մասշտաբի ներթաղային ճանապարհները Գլխավոր հատակագծի շրջանակներում չեն, դրանք հետագայում կարգավորվելու են գոտիավորման նախագծերով։

Այսպիսով՝ քաղաքացիների բարձրացրած հարցերը դեռեւս մնում են անպատասխան։ Պարզ չէ՝ երբ եւ ովքեր կկառուցեն նախագծված ճանապարհը կամ առհասարակ այն կկառուցվի, թե ոչ։ Մարդիկ հիպոթեք են վճարում եւ շինթույլտվություն ստանում մի քաղաքում, որտեղ քաղաքային պլանավորման բացակայության պատճառով հասանելիություն, ճանապարհ, ջուր, հոսանք չունեն։ Քաղաքային իշխանության անորոշ պատասխաններից ելնելով՝ մոտ ապագայում տեսանելի էլ չէ, թե երբ կունենան։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել