Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը։
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնման (2 դրվագ) եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման (2 դրվագ) մեջ (նախկին ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր, 308-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ազատվել է պատժի կրումից հանցանքի կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են օրենքով սահմանված ժամկետները։
Վերոնշյալից բացի, Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար (գործող ՔՕ-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման։
Գասպարյանը նույն հանցանքի մեջ մեղավոր է ճանաչվել մեկ այլ դրվագով եւ դարձյալ դատապարտվել 5 տարի ազատազրկման։
Որպես վերջնական, հանրագումարային պատիժ նշանակվել է 6 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն նա համաներմամբ ազատվել է պատժի կրումից։
Գասպարյանի նկատմամբ համաներումը կիրառվել է «Համաներման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։
Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վատնման, պաշտոնեական կեղծիքի եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ (նախկին ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր, 308-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ազատվել է պատժի կրումից հանցանքի կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Միաժամանակ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար (գործող ՔՕ-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) եւ դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման։
Նրա նկատմամբ եւս կիրառվել է նույն հիմքով համաներումը։
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան դրդելու համար եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։
Միաժամանակ Թունյանը մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։
Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու մեջ եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։
Միաժամանակ դատարանը վճռել է մասնակի բավարարել Դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը եւ Լեւոն Երանոսյանից, Վարդան Թունյանից եւ Գուրգեն Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7․954․103 ՀՀ դրամ գումար որպես նրանց կողմից Վահրամ Ղազարյանին դասակի հրամանատարի պարտականությունները կատարելու դրվագով վնասի հատուցում։
Վարդան Թունյանից պետք է բռնագանձվի նաեւ 6․513․235 ՀՀ դրամ որպես խոշոր չափերով յուրացման եղանակով հափշակություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագներով պատճառված վնասի հատուցում։
Պետությանը պետք է վերադարձվի նաեւ Վլադիմիր Գասպարյանի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դրվագով որպես փոխհատուցում Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին մուծած 54․790․433-ից ՀՀ դրամից 21․691․481 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը թողնվում է վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Պետությանն է վերադարձվում նաեւ Հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվին մուծված 8․833․362 ՀՀ դրամը։
Վլադիմիր Գասպարյանից որպես դատական ծախս կգանձվի 200․000 ՀՀ դրամ։
Դատարանի վճռով՝ Գասպարյանի գույքի վրա բացառապես այս գործով դրված կալանքը կվերացվի, մյուսներինը կպահպանվի։
Մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կպահպանվի նաեւ ամբաստանյալների նկատմամբ կիրառված երկրից բացակայելու արգելքը։
Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան այն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք՝ այս քրեական գործը դատարան էր ուղարկվել 2020 թ․-ի ամռանը։ Այն առնչվում է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցնելու տարիներին կատարված կոռուպցիոն հանցագործություններին։
Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել էր ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել էր շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Գասպարյանն ու մյուսները առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։
Քրեական գործի մանրամասները՝ այստեղ։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)