Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված առաջարկներն ու դիտարկում է համատեղ պիլոտային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ Այդ նպատակով կոմիտեի և «Հուշմանդ Սազե»-ի մասնագետները համատեղ կաշխատեն նախագծային պահանջների, Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։
Բացի այդ, իրանական ընկերության առաջարկած տեխնոլոգիայով արագ կառուցվող անհատական բնակելի տների նախագծերը կհրապարակվեն Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող տների նախագծերի միջև։
comment.count (0)