ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 10-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։ Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, կրթահամալիրի հրապարակում ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։
«Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարի և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասերի անցկացման ու ավտովարման հմտությունների զարգացման գործընթացով։
ՆԳՆ ղեկավարությունը ուսումնական կենտրոնում հետևել է նաև ապագա քրեական ոստիկանների՝ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մարտավարության տեսական դասընթացին։
Վահե Ղազարյանը ծանոթացել է քրեական ոստիկանների որակավորման ուսումնական ծրագրին, հետաքրքրվել կրթահամալիրում սովորող քաղաքացիական անձանց տպավորությունների և մասնագիտական պատրաստվածության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախարարը կարևորել է Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման գործընթացում նոր կադրերի համալրումը և ընդգծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում մասնագիտական ունակությունների և պրոֆեսիոնալիզմի ներդրման անհրաժեշտությունը։
Վահե Ղազարյանը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին:
Նշվում է, որ ՆԳ նախարարը ապագա քրեական ոստիկանների ուսուցման դասընթացին է հետևել նաև համակարգչային թեստավորման լսարանում, իսկ կրթահամալիրի տարածքում շրջայցի ընթացքում հետևել է ապագա պարեկների այլ դասակների գործնական պարապմունքներին։
comment.count (0)