ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան
 |armenpress.am|
16:03 - 11 հուլիսի, 2024

ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան |armenpress.am|

armenpress.am: Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր և գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հուլիսի 11-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ:

Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես՝ առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաև փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:

Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչև 55 տարեկանը:

Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և արժանացել հավանության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել