1lurer.am: Ազգային ժողովը հուլիսի 11-ի նիստին քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել են Նարինե Ավետիսյանի և Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունները:
Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Նարինե Ավետիսյանը 2005-2016 թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Տարբեր կազմակերպություններում աշխատել է որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, իրավաբան, 2021 թվականին ՀՀ ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ: 2021-2024-ին աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նախ որպես մեթոդական աջակցության վաչության գլխավոր մեթոդաբան, ապա՝ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ:
Նարինե Ավետիսյանն իր ելույթի մեկնարկին հիշեցրեց՝ մրցութային խորհուրդն իր թեկնածությունը երկրորդ անգամ է առաջադրում. «Ինձ համար երկրորդ անգամ որոշում կայացնելը ոչ թե հակադրվելու, այլ հաղթահարելու որոշում էր, և ես մեծ պատասխանատվությամբ եմ վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ աշխատելու և գործելու ի նպաստ ՀՀ-ի»:
Ելույթի ժամանակ Նարինե Ավետիսյանը նաև հայտարարեց. «Հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում իմ կայացրած որոշումները լինելու են բացառապես անկախ և անաչառ՝ ի շահ ՀՀ-ի»:
Վաղարշ Աղաբեկյանը 2013-2016 թթ. ծառայել է ԼՂ ոստիկանությունում՝ որպես քննչական վարչութան քննիչ: 2017-2018 թթ. ծառայել է ԼՂ դատախազությունում՝ որպես Շահումյանի շրջանի դատախազ: 2018-2019 թթ. ծառայել է ՀՀ ՊԵԿ-ում՝ որպես քննչական վարչության թիվ 2 բաժնի քննիչ: 2019-2021 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում: 2019-2021 թթ. աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ում՝ որպես իրավախորհրդատու, 2021-2024 թթ. աշխատել է նույն կազմակերպությունում՝ որպես իրավախորհրդատու-փորձագետ: Եղել է նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ և ՀՀ ԲԴԽ հակակոռուպցիոն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների բարեվարքության ստուգման ազգային փորձագետ: 2024-ից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ ՔԿ իրավաբանական վարչության հատուկ կարևորության գործերով քննիչի պաշտոնը:
Ըստ Վաղարշ Աղաբեկյանի՝ առաջադրվելու պատճառներից մեկն այն է, որ Արցախից է եկել. «Այն, ինչ տեղի է ունեցել իմ հայրենիքի հետ, պատճառներից մեկը նաև կոռուպցիոն երևույթներն են»:
comment.count (0)