Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան
 |1lurer.am|
15:53 - 13 հուլիսի, 2024

Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Պատասխանելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է. 

«Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը»,- նշել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին: «Այն շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»,- նշել է Էրդողանը և շարունակել. «Այս քայլերը դրական ազդեցություն կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության համար: Կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:

Էրդողանը հավելել է, որ Իրանի նախագահի հետ շփման ընթացքում միջանցքի հարցը չի քննարկվել: Սակայն նա կարծիք է հայտնել, որ այն ռազմավարական բնույթ ունի և օգուտ կբերի բոլորին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել