ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։ Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:
Հայրերի օրը կընդգծի հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում:
Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրավական հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար»,- նշել է Բաթոյանը։
comment.count (0)