Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումը ձգձգվում է. քաղաքապետարանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս
 |hetq.am|
15:10 - 18 հուլիսի, 2024

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումը ձգձգվում է. քաղաքապետարանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս |hetq.am|

hetq.am: Երկու տարի առաջ փլուզված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկելի 4-րդ գոտին մինչ օրս չի վերականգնվել։ Վերականգնման հստակ ժամկետներ Երևանի քաղաքապետարանը չի նշում, իսկ պատճառների մասին անորոշ պատասխաններ է տալիս։ 

Հիշեցնենք՝ 2022թ․ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվել էր, և խճուղին դարձել էր անանցանելի։ Հունիսի 13-ին երթևեկությունը վերականգնվել էր, սակայն խճուղու փլուզված հատվածը՝  դեպի Լենինգրադյան փողոց, կազմակերպվում է երկու, իսկ հակառակ ուղղությամբ՝ երթևեկության մեկ գոտով։

«Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ հատվածի՝ մինչ օրս չվերականգնման հիմնական պատճառները տեխնիկական են, կապված առանձին ենթակառուցվածքների հետ»,- այսպիսի անհասկանալի պատասխան ենք ստացել Երևանի քաղաքապետարանից։

Թե տեխնիկական ինչ պատճառներ են կամ որ ենթակառուցվածքների հետ է դա կապված, քաղաքապետարանը չի մանրամասնել։

«Ինչ վերաբերում է ճանապարհահատվածի վերականգնմանը, ապա կազմվել է նոր նախագիծ, որն ուղարկվել է համալիր փորձաքննության, որի ավարտից հետո կտրվի շինթույլտվություն, և կմեկնարկեն ճանապարհի այդ հատվածի վերականգնման աշխատանքները»,- հայտնել է քաղաքապետարանը՝ վերականգնման ժամկետների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան:

Ճանապարհի այդ հատվածը փլուզվել էր հարակից հողատարածքում «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետեւանքով։

«Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից շինարարական աշխատանքները կատարվել են նախագծային շեղումներով՝ քանդման և հողային շինարարական աշխատանքները իրականացնելով շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում»,- «Հետքին» հայտնել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։

Պաշտոնյան մանրամասնել է, որ  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2022թ․ մայիսի 26-ի հանձնարարականի հիման վրա 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից 2020թ․ հունիսի 26-ի N 01/18-աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում, որը  31․03․2022թ վերահամաձայնեցվել է, ինչպես նաև շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմաններում։

Տեսչական մարմնի նշած հասցեում իրավախախտում թույլ տված քաղաքաշինական բոլոր սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ և տրվել խախտումները վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ։

Տրված ցուցումները 2023թ. հունիսին վերացվել են, իսկ բազմաբնակարան շենքի նախագիծը ստացել է միջանկյալ համաձայնություն, համաձայն որի՝ խճուղու քանդված հատվածը կվերականգնվի շինարարական աշխատանքները Ծիծեռնակաբերդի խճուղու նիշին հասնելուց հետո։

««Սահակյանշին» ՓԲԸ-ի նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց կիրառվե՞լ է»,- այս հարցին քաղաքապետարանն ուղղակի չի պատասխանել։

Մինչդեռ մեզ հայտնի է, որ փլուզման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քրեական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է։ Քննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային այլ գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն»,- հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնյան։

Ինչ վերաբերում է փորձաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, պրն Շառոյանը նշել է, որ ներկայումս այդ տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։

«Սահակյանշին» ՓԲԸ-ի տարածքում շինաշխատանքներն ակտիվ ընթանում են։ Ճանապարհի եզրագծով շինություն է կառուցվում, այն դեռ չի հասել ճանապարհի հարթությանը։ 

«Սահակյանշին» ՓԲԸ-ի հիմնադիր և ղեկավար Սուրեն Սահակյանը մեր հարցին, թե երբ են վերականգնելու Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը, շեշտում է, որ խնդիրը բազմաշերտ է և հստակ պատասխան այս պահին չկա։

Սուրեն Սահակյանի խոսքով, երբ իրենք հաստատման են ներկայացրել կառուցապատման նախագիծը, քանի որ համալիրը մեծ է, եւ կայանատեղիները՝ շատ, ԱԻՆ-ը պահանջել է կայանատեղիների համար երկկողմանի մուտք ու ելք նախատեսել՝ և' Ծիծեռնակաբերդի խճուղուց, և' Մոնթե Մելքոնյան փողոցից։ Որպեսզի Ծիծեռնակաբերդի խճուղուց մուտք ու ելքը կազմակերպվի, «Սահակյանշին»-ին անհրաժեշտ է եղել համայնքային հողից մեկ հատված, որի համար դիմել են Երևանի քաղաքապետարան՝ դեռևս քաղաքապետ Հրաչ Սարգսյանի օրոք։

Այդ դիմումն ու նախագիծն այնքան երկար են մնացել քաղաքապետարանում, որ քաղաքապետը փոխվել է, և արդեն Տիգրան Ավինյանի ժամանակ ընկերությունը կարողացել է վարձակալությամբ, բայց կառուցապատման իրավունքով վերցնել խճուղու հարակից հողամասի տվյալ հատվածը։

Հողամասի վարձակալությունից հետո նախագիծը հաստատվել է և ուղարկվել փորձաքննության՝ Քաղաքաշինության կոմիտե։ Բայց մինչ այժմ փորձաքննությունը չի ավարտվել, որովհետև նոր հողակտորի համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացություն չեն ունեցել։ Սուրեն Սահակյանն ասում է, որ այդ կտորը պետք է առանձին դիտարկվեր, և որպես փոքր հատված՝ մոտ 500 քմ, ՇՄԱԳ փորձաքննություն չէր պահանջվի, սակայն ընկերությանը ստիպել են ՇՄԱԳ փորձաքննություն անցնել, ինչը և երկարացրել է գործընթացը։

«Որպես կանոն, դու չես կարող վիճել իշխանությունների հետ, իրենք ասում են, և որպեսզի դու քո ճշմարտությունն ապացուցես, պետք է դատի տաս, դատարանի որոշումով քո ճշմարտությունն անցկացնես»,- ասում է Սուրեն Սահակյանը։

Շմագ փորձաքննությունն այս պահին լսումների փուլում է։

Սակայն Սուրեն Սահակյանը կասկածում է, որ ՇՄԱԳ-ը և Քաղաքաշինության կոմիտեի փորձաքննությունն անցնելուց հետո քաղաքապետարանում հարցը կլուծվի։

«Այս ընթացքում մեր կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Քաղաքապետարանը շինթույլտվություն տալու համար նոր օրենքով ահռելի գումար է գանձում։ Մեր հաշվարկների մեջ և մեր բիզնես պլանում դա ներառված չի եղել և մեզ համար դա ահռելի գումար է, մոտ 3 մլն դոլարի մասին է խոսքը»,-ասում է Սուրեն Սահակյանը։

Մինչդեռ լրացված նախագծով ճանապարհի նորոգումն անմիջականորեն կախված է «Սահակյանշին»-ի նախագծից և շինարարությունից: Նոր` համայնքից վարձակալած հողամասի վրա կառուցվում է 9-հարկանի շինություն` հիմնականում կայանատեղիներ, որի տանիքը վերածվելու է քաղաքային ճանապարհի, այսինքն` Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածն էլ անցնելու է «Սահակյանշին»-ի շենքի վրայով:

Պահանջվող 3 մլն դոլարը «Սահակյանշին»-ը չի կարող և չի ուզում վճարել: Այդ հողամասը, հիշեցնենք, «Սահակյանշին»-ին տրվել էր Մոնթե Մելքոնյան խճուղու շինարարության դիմաց: Այդ նախածգով ընկերությունը նախատեսել էր բազմաբնակարան բնակելի համալիր կառուցել, որպեսզի կատարած ծախսերը և վերցրած վարկերը փակեր:  

Ճանապարհի շինարարությունը կարող է ձգձգվել 3 մլն դոլաի պատճառով: Սուրեն Սհակյանը հետեւյալ լուծումն է առաջարկում. նոր օրենքով սահմանված վճարումները չպետք է տարածվեն իրենց վրա, որովհետև իրենց ծրագրի արդյունքում քաղաքային համայնքը շահագործում է Մոնթե Մելքոնյան խճուղին, որի դիմաց իրենք ստացել էին տվյալ տարածքը, իսկ նոր պահանջը լրացուցիչ ծախս է իրենց համար, որը «Սահակյանշինն» ի վիճակի չէ կատարել:

«Մենք այդ գումարը չունենք, մենք չենք կարողացել ավարտել մեր շենքերի շինարարությունը, բնակարանները չենք կարողանում վաճառել, և արդեն եկամտահարկի վերադարձի օրենքն է շրջանառությունից դուրս գալիս , այսինքն` կասկածի տակ է ընկնում, թե մենք ոնց ենք դա անելու»,-ասում է Սուրեն Սահակյանը:

Նա պնդում է, որ քանի դեռ դատարանով իրենց մեղքն ապացուցված չէ, իրենք ճանապարհի փլուզման հարցում մեղք չունեն: Մեր դիտարկմանը, թե իրենց շինարարության հետևանքով է փլուզումն ատաջացել, պատասխանում է` խճուղու կառուցման ժամանակ աղբ է լցվել ճանապարհի տակ, այլապես 150 մետրից միայն 20 մետրը չէր փլուզվի, և իրենք ժամանակին այդ մասին տեղյակ են պահել քաղաքապետարանին:

«Քաղաքապետարանն, իմ կարծիքով, պիտի բարի կամք դրսևորի և մեզ ազատի այդ վճարումից, ծայրահեղ դեպքում՝ տարաժամկետ վճարման պայմանագիր կնքվի, որ մենք ժամանակ ունենանք, սկսենք, հետո բնակարանների վաճառքից գոյացած գումարից մուծենք, որովհետև մեզ գոնե մեկ տարի պետք է այդ գումարը վճարելու համար: Ես կարծում եմ, որ դրանից աշխարհը չի փլուզվի»,-ստեղծված իրավիճակում այսպիսի լուծում է տեսնում Սուրեն Սահակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել