Մեկնարկել է տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ»֊ը. Մխիթար Հայրապետյանը կարևորել է միջոցառմանը ձևավորվող ստարտափ մշակույթը
18:33 - 22 հուլիսի, 2024

Մեկնարկել է տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ»֊ը. Մխիթար Հայրապետյանը կարևորել է միջոցառմանը ձևավորվող ստարտափ մշակույթը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ այցելել է հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից․ 

«Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում  ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:

Բացման խոսքով հանդես գալով՝ նախարարը կարևորել է ստարտափների մշակույթը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։ Մխիթար Հայրապետյանն ընգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է զարգացնել այդ մշակույթը ՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը դիտարկելով որպես մեր տնտեսության շարժիչ ուժ։ 

Նախարարն իր ելույթում ներկաներին՝ ստարտափ համայնքի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած ձեռներեցներին, հյուրերին  ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է նոր գործիքակազմ առաջարկել տեխնոլոգիական համայնքին՝ թիրախային ներդրումների միջոցով զարգացնելու ստարտափ էկոհամակարգն ու խրախուսելու տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան:

«Ինձ համար իրականում դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար։ Մեզ հայտնի է, որ հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերություններ ներկայացված են եղել այստեղ՝ «Սևան ստարտափ սամիթ»֊ին, և ես դա ասում եմ մեծ հպարտությամբ։ Այս առումով, ուզում եմ ասել, որ մեզ համար միջոցառումն ինչ֊որ իմաստով նորարար մտքի, նոր գաղափարների, տեխնոլոգիական նորանոր լուծումների ծննդավայրն է հանդիսանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը միջոցառման  մասնակիցներին մաղթել է հաջող և ոգեշնչող շաբաթ: 

«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում: 

Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին», - ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել