Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը չորեքշաբթի հայտարարել է, որ հետաքննում է կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի սպանության պլանները և կառավարությունը տապալելու դավադրությունը։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան անձանց դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել, նշված գործով կասկածյալներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննվում են։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։
Ըստ աղբյուրի՝ այն «կազմակերպվել և ֆինանսավորվել է» նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից, որոնք ներկայումս տեղակայված են Ուկրաինայում։
Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ «նշված հանցավոր արարքների նպատակն էր բռնությամբ տապալել կառավարությունը՝ անկարգություններ ստեղծելով և իշխանությանը թուլացնելով»։
Վերոնշյալ հաղորդագրությունը տարածվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորի կողմից ուկրաինական կոնֆլիկտում ներգրավված վրացի կամավոր Գելա Կախաբրիշվիլի հարցաքննությունից հետո։ Նրա գործը ներառում է ահաբեկչության պլանների և ապստամբության կազմակերպման վերաբերյալ տվյալներ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
comment.count (0)