armenpress.am: Հյուսիսային Կորեայում հազարավոր մարդիկ տարհանվել են շաբաթ և կիրակի օրերին տեղացած ռեկորդային քանակությամբ անձրևների պատճառով։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Չինաստանի հետ սահմանամերձ մի քանի շրջաններում ցանքատարածությունները և տները հայտնվել են ջրի տակ։ Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ մարդկանց մի մասին տարհանել են օդանավերով։
BBC-ն նշում է, որ Հյուսիսային Կորեան, որը հայտնի է երկրում տեղի ունեցող բացասական իրադարձությունները չլուսաբանելով, այս վերջին աղետի մասին համեմատաբար շատ տեղեկություններ է տարածում։ Պետական թերթը ստեղծված իրավիճակն անվանել է «ծանր ճգնաժամ»։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ավելի քան 4200 մարդ տարհանվել է 10 օդանավով, որոնք 20 անգամ թռիչք են կատարել տուժածներին ապահով վայր հասցնելու համար։
Տարածվել են նաև լուսանկարներ, թե ինչպես է Կիմ Չեն Ընը հեղեղաջրերի միջով անցնում մեքենայով՝ հետևելու աղետի հետևանքների վերացման գործընթացին։ Հյուսիսկորեացի ղեկավարը երեք շրջանների մի շարք հատվածներ հայտարարել է «աղետի հատուկ արտակարգ գոտիներ»։
Կան մտավախություններ, որ հեղեղները կարող են ազդել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսական ոլորտի վրա, որն առանց այդ էլ խոշոր ծավալների չի հասնում լեռնային տեղանքի պատճառով։
comment.count (0)