Հայաստանի և Տոգոյի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
20:18 - 29 հուլիսի, 2024

Հայաստանի և Տոգոյի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հուլիսի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնք վարել են ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և մշակութային ժառանգության պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:

Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի  ամրապնդման, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացման՝ կողմերի պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնմանը և փոխադարձ աջակցության կարևորությանը:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ՀՀ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Աֆրիկայի տարածաշրջանի երկրների հետ ՀՀ համագործակցության առաջնահերթություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել